Դավիթ Տոնոյանն առանձնազրուց է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

Դավիթ Տոնոյանն առանձնազրուց է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի Հանրապետության և ՎրաստանիՀանրապետության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրուցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ բազմակողմ ձևաչափով փոխգործակցության հնարավորությունները։

Դավիթ Տոնոյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020թ․ ծրագիրը։

Հանդիպման արդյունքներով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Այցի շրջանակում Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում