ԱՄՆ-ում հայտնել են, թե ինչպիսի մակերևույթների վրա է կորոնավիրուսն առավել երկար «ապրում»

ԱՄՆ-ում հայտնել են, թե ինչպիսի մակերևույթների վրա է կորոնավիրուսն առավել երկար «ապրում»

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: ԱՄՆ սանիտարական իշխանությունները վերլուծել են այն բոլոր տեսակի մակերևույթները, որոնք համարվում են կորոնավիրուսի «բնակեցման» միջավայրերը, հայտնում է Reuters գործակալությունը` հղում տալով ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդին:

«Պղնձի և պողպատի վրա վիրուսը սովորաբար մնում է մոտ երկու ժամ: Այլ մակերևույթների` օրինակ` թղթի կամ պլաստիկի վրա վիրուսն ավելի երկար է պահպանվում, և մենք հետազոտում ենք այն»,- հայտարարել է Ռեդֆիլդը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ:

ԱՄՆ առողջապահության նախարարության կառույցի մաս կազմող դաշնային գործակալության տնօրենի խոսքով` Diamond Princess կրուիզային նավում կորոնավիրուսի բռնկման պատճառը վարակված մակերևույթներն են եղել և ոչ թե վիրուսի` օդակաթիլային ճանապարհով փոխանցումը:

Կրուիզային նավը Յոկոհամայից դուրս էր եկել հունվարի 20-ին և նավահանգիստ էր վերադարձել փետրվարի 3-ին: Ճապոնիայի իշխանությունները նավում երկշաբաթյա կարանտին էին հայտարարել: Նավի վրա ընդհանուր առմամբ եղել է 3711 մարդ` այդ թվում 2666 հյուր և անձնակազմի 1045 անդամ: Անցած շաբաթ հայտնի դարձավ նավի վրա կորոնավիրուսով վարակվածներից երկուսի մահվան մասին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2788-ի, վարակված է 78 824 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս են գրվել մոտ 36 000-ը: Նշվում է, որ վարակվածներից 7952-ի վիճակը ծանր է:

Վերջին շրջանում ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում