Թուրքիան սիրիական Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի

Թուրքիան սիրիական Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի: Այս մասին տեղեկացնում է tr.euronews.com կայքը:

Նահանգապետ Դողանը փետրվարի 27-ի երեկոյից սկսած մի քանի հայտարարություն է արել` տեղեկացնելով սկզբից 9, հետո 22, ապա` 29 զոհի մասին: Նրա վերջին հայտարարության համաձայն` թուրքական բանակի կորուստների թիվը հասել է 33-ի, միևնույն ժամանակ նահանգապետը նշել է, որ վիրավոր և հոսպիտալացված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Նահանգապետի խոսքով` Սիրիայի կառավարական ուժերի կողմից կրկին խախտվում են Սոչիի համաձայնագրով հաստատված «անվտանգության գոտու» սահմանները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երեկ երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ: Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:

Ավելի վաղ «Россия-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:

Անցյալ տարվա հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրը հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:

Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել էր, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունն Իդլիբում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում