Անհատ տաքսու վարորդները հավաքվել են ՊԵԿ-ի դիմաց՝ բողոքով

Անհատ տաքսու վարորդները հավաքվել են ՊԵԿ-ի դիմաց՝ բողոքով

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.amԱնհատ տաքսու վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց։ Նրանք պահանջում են, որ դաշտում հավասարություն լինի, վերանայվի տաքսիների նվազագույն գները, օնլայն տաքսի ծառայություն կազմակերպողների մոտ ստուգումներ իրականացվի:

«Պետք է լինի հավասար պայմաններ: Ես կաշխատեմ 3000 դրամ, մյուսը թող աշխատի 6000, բայց թող լինի հավասար պայմաններ: Եթե 100 մարդ նստում է տաքսի, 85-ը օնլայն զանգով են պատվիրում, այն 15 մարդն էլ ուղղակի շտապում են, պատահական տաքսի են կանգնեցնում ու նստում»,- նշեց վարորդներից մեկը:

Նրանք բարձրաձայնում են նաև տուգանքները չեղարկելու հարցը:

Անհատ տաքսու վարորդները ՊԵԿ-ում հանդիպում ունեցան: Դրանից հետո Վարորդների պաշտպանության լիգայից Պողոս Օղլուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե իրենց խնդիրն այն է, որ օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերություններում ստուգումներ անցկացվեն, որպեսզի նրանք էլ նույն ձևով վճարեն տարեկան հաստատագրված 12 հազար դրամները:

«Մեր հավաքվելու իմաստը դա է: Նրանք 4 տարուց ավելի գործունեություն են ձեռնարկել ու ոչ մի հարկ չեն վճարում, դրա համար այսօր մեր տաքսի ծառայությունների մեջ կա շատ մեծ անհավասարություն: ՊԵԿ-ից խոստացան, որ կքննարկեն, երևի կանցկացնեն ստուգումներ»,– նշեց նա:

Նրա խոսքով, ապօրինությունների մասին արդեն 4-5 տարի բարձրաձայնում են, ոչ մի բան չի ձեռնարկվում: Նա նշեց, որ օնլայն տաքսիները երբ հայտնվեցին, վարորդները աշխատել են չվճարել տուգանքները, և ճիշտ են արել. «Այսօր «Յանդեքս»-ում և այլ տեղ գրանցված են հազարավոր տաքսիստներ, բայց ոչ մի տեղ չի երևում, բայց այդ մարդիկ էլ ՊԵԿ-ին ոչ մի թիվ ցույց չեն տալիս»:

Պ. Օղլուկյանի խոսքով, հիմա մոտ 5000 անհատ վարորդ ունի տույժ–տուգանքներ, որոնց պարտքերը տույժ-տուգանքով և մայր գումարով կազմում է մոտ 900 միլիոն դրամ: Նա նշեց, որ իրենց պահանջն է վերացնեն այդ տույժ-տուգանքները և կոնկրետ ստուգումներ անցկացնեն օնլայն տաքսի ծառայություն կազմակերպողների մոտ:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն, ինչ ներկայացրել են վարորդները, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Նա նշեց, որ ներկա պահին գործող օրենսդրությամբ ոչ մի տարբերություն չի տեսնում անհատ տաքսի վարորդների և օնլայն ծառայություններում աշխատող տաքսու վարորդների միջև:

«Այսօրվա օրենսդրությամբ տաքսի ծառայություն մատուցող վարորդները պետք է ունենան լիցենզիա, լիցենզիայի համար ընդհանրապես գումարի վճարում օրենսդիրը չի նախատեսում, միայն անհրաժեշտ է լիցենզիայի առկայություն: Լիցենզիայի առկայության դեպքում չկա օնլայն տաքսի ծառայություններ մատուցող վարորդների և մեր սովորական անհատ վարորդների միջև տարբերություն հարկային բեռի առումով»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Նա նշեց, որ այդ 12 հազար դրամն օրենքով հանվել է և հիմա ոչ ոք չի վճարում:

«Ինչ վերաբերում է նախկինում կուտակված պարտքերին, 2019-ի հուլիսին ընդունվեց օրենք, առաջարկվեց վճարել միայն մայր գումարները և բոլոր տույժ-տուգանքները կզրոյացվեն, և տրվեց 6 ամիս ժամանակ, որպեսզի վճարեն: Եղան շատ քաղաքացիներ, որոնք վճարեցին մայր գումարներն ու ազատվեցին տույժերից: Եթե կան քաղաքացիներ, որ գիտեին այդ մասին ու չեն վճարել, ներկա պահին ունեն պարտավորություններ մայր գումարի և տույժերի տեսքով, ենթակա են վճարման»,– ասաց Ռաֆիկ Մաշադյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում