Արցախի ԱԳՆ. Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է հայերի նկատմամբ այլատյացության սերմանման քաղաքականությունը

Արցախի ԱԳՆ. Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է հայերի նկատմամբ այլատյացության սերմանման քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ Սումգայիթում հայերի կոտորածների 32-րդ տարելիցի կապակցությամբ.

«32 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ը, Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունները Սումգայիթ քաղաքում իրականացրեցին հայ ազգաբնակչության կոտորած և բռնի տեղահանություն, որոնք ուղեկցվում էին աննախադեպ դաժանությամբ իրագործված վայրագություններով։ Երեք օր տևած զանգվածային ծեծուջարդը, սպանություններն ու բռնարարքները Բաքվի իշխանությունների պատասխանն էին արցախահայության՝ իր ինքնորոշման անկապտելի իրավունքի իրացման խաղաղ և օրինական պահանջներին։

Բազմաթիվ վկայություններ կան այն մասին, որ Սումգայիթում հայերի կոտորածները մանրակրկիտ կերպով նախապատրաստված և ծրագրված էին Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Ջարդերի նախօրեին կազմակերպված հանրահավաքներում ելույթ ունեցող քաղաքային իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչները դիմում էին ամբոխին՝ կոչ անելով պատժել հայերին և պահանջելով «սպանել ու վտարել նրանց Սումգայիթից, և, առհասարակ, Ադրբեջանից»:

Գրեթե յուրաքանչյուր ելույթից հետո հնչում էր «Մա՛հ հայերին» կոչը: Իշխանությունների և իրավապահ մարմինների բացահայտ անգործության պայմաններում, ինչպես նաև վերջիններիս ուղղորդմամբ հարյուրավոր սումգայիթցի ադրբեջանցիներ, ոգեշնչված հայատյացության և բռնության կոչերով, անարգել կերպով սկսեցին հարձակումները Սումգայիթում ապրող հայերի բնակարանների վրա՝ իրենց մոտ ունենալով նրանց հասցեներով ցուցակները։

Սումգայիթում իրագործված մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրական կազմակերպիչների և մեղավորների անպատժելիությունը պարարտ հող նախապատրաստեց հաջորդած տարիներին Ադրբեջանական ԽՍՀ ողջ տարածքում՝ Կիրովաբադում, Բաքվում և մի շարք այլ հայաշատ քաղաքներում հայերի նկատմամբ էթնիկ զտումների իրագործման համար։ Այդ քաղաքականությանը զոհ գնացին հազարավոր հայեր, իսկ հարյուր հազարավորները դարձան փախստական։

Ցավոք, այսօր էլ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայերի նկատմամբ ատելության և այլատյացության սերմանմանն ուղղված քաղաքականությունը՝ հերոսացնելով և փառաբանելով 2004 թ. Հունգարիայում հայ սպային դաժանորեն սպանած ադրբեջանցի զինծառայողին։

Նման քաղաքականության հերթական դրսևորումը դարձան 2016 թ. Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ապրիլյան պատերազմի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողին գլխատող ադրբեջանցի սպայի պագրևատրումը Ադրբեջանի նախագահի կողմից, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի իրագործած մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներն ու պատերազմական հանցագործությունները։

Խոնարհվում ենք սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի և հստակ ու միանշանակ գնահատական տա խաղաղ հայ ազգաբնակչության դեմ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանական գործողություններին, որը թույլ կտա ոչ միայն կանխել հետագայում նման ոճրագործությունների կրկնությունը, այլև կնպաստի Ադրբեջանում իրավիճակի առողջացմանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում