«Փաստ». Իշխանությունները նետվել են կենաց ու մահու կռվի

«Փաստ». Իշխանությունները նետվել են կենաց ու մահու կռվի

«Յուրաքանչյուր ընտրական գործընթաց ենթադրում է նաև նախընտրական քարոզչության իրականացում։ Եվ որքան կարևորվում են այդ ընտրությունները ժողովրդի և քաղաքական ուժերի կողմից, այնքան մեծ ռեսուրսներ են ներդրվում նախընտրական քարոզչության մեջ։

Ռեսուրսների վատնում

Ներկա փուլում Հայաստանը նախընտրական քարոզչական գործընթացի մեջ է՝ կապված ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման հետ։ Զարմանալի է, որ սահմանադրական փոփոխություններով, ըստ էության, Սահմանադրության բովանդակության մեջ ոչինչ չի փոխվում, այլ միայն լուծվում է ՍԴ յոթ դատավորների հեռացման հարցը, սակայն այս հարցի շուրջ քարոզչական մակարդակում հսկայական ռեսուրսներ են ներդրվում իշխանությունների կողմից։

Վերջիններս հանգանակության արդյունքում հավաքել են 205 մլն դրամ, և միայն «Այո»-ի լոգոյի համար 3 մլն գումար են հատկացնելու։ Եվ ինչպես երևում է իշխանությունների քարոզչական նպատակներից, նախընտրական քարոզչության վրա հսկայական գումարներ են ծախսվելու։ Իզուր չէ, որ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց մի քանի էջից բաղկացած «Այո»-ի բուկլետը, որը կազմելու համար ոչ պակաս ֆինանսական ռեսուրսներ են պահանջվել։

Քաղաքացիների համար կարող է անտրամաբանական թվալ, թե այս սահմանադրական հանրաքվեի համար, որն ըստ էության մարդկանց կյանքում և Սահմանադրության մեջ փոփոխություն չի մտցնում, ինչո՞ւ են այսքան մեծ ռեսուրսներ ծախսվում։ Եվ այստեղ խնդիրը ոչ միայն ռեսուրսներն են, այլև փոփոխությունների բովանդակությունը։

Հանրաքվե՞, թե՞ ընտրություններ

Հանրաքվեի բովանդակային հիմնավորումները հասկանալու համար բավական է նայել վարչապետ Փաշինյանի կողմից հրապարակված նախընտրական բուկլետի տեսքին։ Հետաքրքրական է, որ բուկլետում բուն ասելիքին զուգահեռ փորձ է կատարվել ապահովել նաև հարցի դեկորացիոն կողմը՝ «Հպարտ քաղաքացու անձնագրի տեսքով»։

Սակայն թե ընդհանրապես ի՞նչ կապ ունի քաղաքացու անձնագիրը այս սահմանադրական փոփոխությունների հետ, դժվար է ասել։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ իշխանության համակիրներից շատերի համար քաղաքացու անձնագիրը այս սահմանադրական փոփոխությունների հետ կապելը լիովին ընկալելի չէր։

Եվ քանի որ իշխանություններն առաջնորդվել են անձնագրի տրամաբանությամբ, ապա նրանում պետք է լինեին անձնագրի այլ ատրիբուտներ։ Եվ ահա՝ գլխավոր «մանրուքը». կնիքների տեսքով նկարագրված է, թե ինչ արդյունքներ է գրանցել ներկայիս իշխանությունը։ Սակայն իշխանությունների կողմից ունեցած այդ արձանագրումներում ոչ մի առանձնահատուկ բան չկա։ Նման արդյունքներ եղել են ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում կլինեն»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում