«Հրապարակ»․ Ժամանակին փաստաբանությունից էին դատական համակարգ գնում, հիմա դատավորներն են երազում փաստաբան դառնալ

«Հրապարակ»․ Ժամանակին փաստաբանությունից էին դատական համակարգ գնում, հիմա դատավորներն են երազում փաստաբան դառնալ

«Եթե փորձենք միանգամայն անաչառ ու կողքից նայողի հայացքով գնահատական տալ մեր պետական ինստիտուտներին, պետք է արձանագրենք, որ մեր երկրի ամենակայացած ինստիտուտներն այսօր փաստաբաններն են ու լրագրողները՝ իրենց բոլոր-բոլոր թերություններով հանդերձ։

Կյանքը ցույց տվեց, որ ոչ մի համակարգ այդքան կայուն ու գործունակ չէ, որքան այս երկուսը, որոնք աներեր կատարում են իրենց վրա դրված պարտականությունները՝ դիմանալով բոլոր ճնշումներին ու հարվածներին, և ծառայում են հանրությանը, որքան էլ որ նրանց հայհոյեն ու վատաբանեն տարբեր մակարդակներից։

Հատկապես ուզում եմ արձանագրել հայ փաստաբանական դպրոցի կայացումը։ Իհարկե, փաստաբանների մեջ էլ կան խարդախներ ու անգրագետներ, ինչպես լրագրողների մեջ։ Կան մարդիկ, որոնց միակ առաքելությունը դատավորի ու հաճախորդի միջև միջնորդի դեր կատարելն է։ Բայց պետք է արձանագրենք, թե որքան շատ են այն փաստաբանները, որոնք օրենքին ու իրավունքին են ծառայում։

Ավելի գրագետ են, քան քննիչներն ու դատախազները։ Ավելի համարձակ են, քան դատավորները։ Ավելի շատ են նպաստում երկրում ժողովրդավարության կայացմանը, քան տարբեր միջազգային կառույցներից հսկայական դրամաշնորհներ ստացող հասարակական կազմակերպությունները։

Ավելի խելացի են վերլուծում օրենսդրական դաշտը, քան այսօրվա օրենսդիրները։ Ավելի պետականամետ են, քան որոշ պետական գործիչներ։ Ավելի լավ են պատկերացնում Հայաստանի տնտեսությունն ու տնտեսական շահը, քան կառավարության անդամները։

Փաստաբանների այս խումբը, որը հեղափոխությունից հետո պոկվեց հանրային մյուս խմբերից, ոտնահարված իրավունքներով մարդկանց վերջին հույսն է ու ապավենը։

Ժամանակին փաստաբանությունից էին դատական համակարգ գնում, հիմա դատավորներն են երազում փաստաբան դառնալու մասին»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում