«Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ոչ թե 34 է, ինչպես երկրի իշխանություններն են պնդում, այլ 210». BBC

«Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ոչ թե 34 է, ինչպես երկրի իշխանություններն են պնդում, այլ 210». BBC

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Իրանում կորոնավիրուսի հետևանքով առնվազն 210 հիվանդ է մահացել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի հիվանդանոցներում իր աղբյուրները:

Զոհերի մեծ մասը երկրի մայրաքաղաք Թեհրանից և Կում քաղաքից են, որտեղ առաջին անգամ ի հայտ են եկել Covid-19 վիրուսով վարակման դեպքերը:

Երկրի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են 34 զոհերի և 388 վարակակիրների մասին, սակայն այս ցուցանիշը վեց անգամ գերազանցում է ուրբաթ երկրի առողջապահության նախարարության ներկայացված տվյալները. Իրանում կորոնավիրուսի հետևանքով առնվազն 210 հիվանդ է մահացել, գրում է աղբյուրը:

Աղբյուրը նաև հավելել է, որ Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը պնդում է, որ հանրությանը ներկայացված թվերը ճշմարիտ են՝ BBC-ին մեղադրելով ստահոդ տեղեկությունների տարածման մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն օգնություն է առաջարկել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Մենք օգնություն ենք առաջարկել Իրանի Իսլամական Հանրապետությանը»,- ասել է Պոմպեոն: Նա նշել է, որ ներկայում գործում է Շվեյցարիայի իշխանությունների հետ համատեղ ստեղծված մարդասիրական խումբը, որի օգնությամբ հնարավոր կլինի մարդասիրական օգնություն ուղարկել Իրան։

Պետքարտուղարը հավելել է, որ Իրանում չկա առողջապահության ամուր ենթակառուցվածք՝ մտահոգություն հայտնելով, որ Թեհրանը չի հայտնում հիվանդության տարածման վերաբերյալ տեղեկատվությունը:

Փետրվարի 28-ին հայտնի է դարձել, որ Իրանի խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Նախօրեին հաղորդվել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել երկրի խորհրդարանի 4 անդամների մոտ:

Իրանում կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին հայտնի է դարձել փետրվարի 19-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում