Հայկ Ալումյանը՝ «Մարտի 1»- ի իրադարձությունների ու միֆերի մասին

Հայկ Ալումյանը՝ «Մարտի 1»- ի իրադարձությունների ու միֆերի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am«Հասարակությանը «Մարտի 1»-ի գործողությունները ներկայացնում են մի շարք միֆերի վրա կառուցված պատմությամբ»,- «Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի կողմից կազմակերպված «Մարտի 1-ի գործը՝ հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսին ասաց Ռ.Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

Նա նշեց, որ հասարակության մի մասի համար այդ միֆերն իրականություն են թվում։ Ըստ փաստաբանի, միֆերի թվում է այն, որ 2008 թվականի նախագահական ընտրություններում հաղթել է նախագահի թեկնածուներից Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հ.Ալումյանը հիշեցրեց, որ ՍԴ որոշմամբ, դիտորդական առաքելությունների ամփոփիչ արդյունքներով հաստատվել է, որ ընտրությունների արդյունքներն օրինական են։

Ինչ վերաբերում է 0038 հրամանին, պաշտպան ասաց, որ ընդհանրապես Հայաստանի նախկին երեք նախագահների դեպքում այնպիսի դրվածք չի եղել, որ պաշտպանության նախարարի հրամաններն ուղարկվեին ՀՀ նախագահին, որպեսզի հավատանության տար, որ արձակվի կամ չարձակվի, ուղարկվի ի գիտություն։

«Երբ գործի շրջանակում ծանոթացել ենք հրամանին, բովանդակությունից պարզ երևում է, որ ուղղված է նրան, որ զորքը բերվում է զորանոցային վիճակի։ Իսկ դա այն չէ, ինչ դատախազությունը ներկայացնում է՝ մարտական վիճակի։ Զորանոցային վիճակը նշանակում է, որ սպաները գիշերը մնում են զորամասում։ Պարզ է, թե ինչի համար. եթե զորքերում աշխատանք է տարվում, որ զինվորներին ներքաշեն այդ պրոցեսների մեջ, պարզ է, թե ինչու պետք է որոշ ժամանակով զորքը գտնվի զորանոցային վիճակում»,- ասաց Հայկ Ալումյանը։

Ինչ վերաբերում է մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին, նա նշեց, որ հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեին, որ այնտեղ հավաքված ցուցարարների մոտ մարտական նռնակներ, մոլոտովի կոկտելներ, մահակներ, ոզնի կոչվող մետաղական սարքեր կային։

«Ոստիկանության պետը որոշում է մարտի 1-ի առավոտյան շատ շուտ այդտեղ իրականացնել զննում՝ զենքը հայտնաբերելու համար: Ինչո՞ւ առավոտ շուտ, որպեսզի հնարավորինս չափ բացառվի հավանականությունը, որ պատահական մարդիկ կգտնվեն այդտեղ ու անհարմարություններ կունենան, որպեսզի հնարավորինս չափ քիչ տուժի քաղաքի բնականոն կյանքը: Առավոտյան ոստիկանները հավաքվում են այդտեղ, դիրքավորվում են, հնչում է հայտարարություն, որ կատարվում է զննություն՝ արգելված իրերը հայտնաբերելու համար: Դժբախտաբար միջոցառումից մի քանի ժամ առաջ մի բարձրաստիճան ոստիկանական սպա այնտեղ գտնվող անձնաց զգուշացրած է լինում, որ նման միջոցառում է լինելու, նրանք արդեն դիմադրության պատրաստ սպասում էին ոստիկաններին: Դժբախտաբար, տեղի է ունենում ուժեղ բախում ոստիկանների ու այնտեղ գտնվող անձնաց միջև: Մի մասին ցրում են, մի մասին բերման ենթարկում: Զննության ժամանակ այդտեղ հայտնաբերում են մեծ քանակությամբ մոլոտովի կոկտելներ, փայտյա ու մետաղյա մահակներ, ոզնի կոչվող առարկաներ, նաև մարտական նռնակներ: Դա ամբողջը արձանագրված է, առկա է քրեական գործում, ինտերնետում»,- ներկայացրեց Հ.Ալումյանը:

Ինչ վերաբերում է Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած դեպքերին, Հայկ Ալումյանն ասաց, որ այդտեղ կարևոր իրադարձություն է տեղի ունենում, որը մեծ չափով ազդում է հետագա ընթացքի վրա, նաև ցույց է տալիս, թե ինչ տեխնոլոգիաներ են կիրառվել այն ժամանակ, և մասամբ նաև այդ տեխնոլոգիաները մինչև հիմա են կիրառվում կապված «Մարտի 1»-ի դեպքերի հետ:

«Հայտնվում է մի կին, որը հավաքվածներին հայտարարում է, որ առավոտյան Ազատության հրապարակում գործողություն կատարելիս ոստիկանները սպանել են մի հինգ տարեկան աղջիկ երեխայի: Նա նաև մի կոշիկ է մի տեղից բերում և հավաքվածներին ցույց տալիս, որ սպանված երեխայի կոշիկն է: Լուրը տարածվում է քաղաքով մեկ, նույնիսկ նրանք, ովքեր կարող էին բացարձակ անտարբեր լինեին այդ ամենի նկատմամբ, ցնցվում են, ընդունում են ճշմարտություն: Երեխայի կոշիկի կողքին սկսում են ծաղիկներ դնել: Արդեն այդ կինը չէ, այլ «ռեժիսորները»: Հետո «ռեժիսորները» որոշում են մոմավառություն կատարել երեխայի հիշատակին, որը երբևէ չի եղել ու չի սպանվել: Պատկերացրեք այդ ամբոխի լարումը:

Մարդկանց մոտ թշնամանք է առաջանում ոստիկանների նկատմամբ: Զարմանալի չէ, թե ինչ ատելությամբ են ցերեկը քաղաքապետարանի մոտ հարձակվում ոստիկանների վրա: Մարդկանց աստիճանաբար ավելի ու ավելի են լարում, կոչ են անում զինվել: Մարդիկ զինվում են ամրաններով, այնտեղ գտնվող շինարարությունից երկաթյա ձողեր են պոկում, զինվում են քարերով, բերում են մոլոտովի կոկտելներ, ոզնի կոչվող առականեր: Ընդ որում այսօր, պարոն Քոչարյանի մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ սրանք խաղաղ ցուցարարներ են: Այսինքն մեղադրական եզարակացության մեջ նշված է, որ խաղաղ ցույցերը ճնշելու նպատակով են ոստիկանական ուժերները, զինվորականները ներգրավել»,- տեսանյութեր ներկայացնելով՝ ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերում է Երևանում զորքերի տեղակայման մասին, նա նշեց, որ այս դեպքում էլ իրականությունը քողարկված է միֆերի տակ. «Մարտի 1-ին զորքերը եղել են Երևանում, տեղակայված են եղել Լեո- Պարոնյան փողոցների խաչմերուկին, որպեսզի բացառեն խաղաղ ցուցարարների առաջխաղացումը դեպի նախագահական նստավայր ու Ազգային ժողով: Զորքերը կենտրոնացած են եղել Կենտրոնական բանկի դիմացի պուրակով մինչև Հանրապետության հրապարակ, որպեսզի բացառեն ժողովրդի երթը դեպի կառավարական շենք: Զորքեր են տեղակայված եղել կառավարական շենքի ողջ շրջակայքով, որպեսզի բացառեն հարձակումը կառավարական շենքի վրա: Զորքեր են տեղակայված եղել կամուրջների և ստրատեգիական այլ օբյեկտների մոտակայքում, որպեսզի բացառեն խռովորությունները ստորատեգիական օբյեկտների ուղղությամբ տանելը: Զորքերը տեղակայված են եղել այն հաշվարկով, որպեսզի որևէ հատվածում ուղղակի շփման մեջ չհայտնվեն ցուցարարների հետ:

Ասում են՝ զորքերին կրակելու հրաման է եղել: Այսօրվա գլավոր շտաբի պետն ասուլիս ժամանակ ասել է՝ զորքերը կրակելու հրաման չեն ունեցել»:

Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ այդ ամենը հանգեցրել է 10 զոհերի, 187 ոստիկանի և 32 քաղաքացիական անձի մարմնական վնասվածքների:

«Հիմա դուք պատկերացում ենք՝ 187 ոստիկան է տուժել, ընդ որում ոստիկանները եղել են հատուկ պաշտպանության ապահովող համազգեստով: Պատկերացնո՞ւմ եք, որ սա կարող է տեղի ունենալ այն դեպքում, որ ցույցը եղել է խաղաղ, իսկ ոստիկանները գերազացել են իրենց լիազորությունները: Հաշվի առեք, որ ոստիկանների ստացած մարմնական վնասվածքների մեծամասնությունը եղել է այրվածքներ կամ բեկորային վնասվածքներ: Իսկ սպանված կապիտանը բազմաթիվ բեկորային վնասվածքների ու այրվածքների արդյունքում է մահացել: Կարճ ասած՝ անմիջապես իր կողքը մարտական նռնակ է պայթել: Եվ այս պայմաններում մեզ պետք է ասեն, որ ցույցերը եղել են խաղաղ, իսկ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ: Տարիներ շարունակ մեզ ասել են, որ սադրիչներն են թալանել խանութները, փորձում էին ապացուցել, որ ավտոմեքենաներն այրել են սադրիչներ, որպեսզի հիմք ստեղծեն, որ պետությունը ուժ կիրառի»,-ասաց Ռ.Քոչարյանի պաշտպանը:

Կոնֆերանսին ներկայացվեց Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի հեռախոսազրույցից մի հատված.

«Սիրունյան- ժողովուրդը պրոսպեկտը գրավել է ամբողջությամբ, Պարոնյան փողոցը մինչև Պռոշյան:
Արզումանյան- Ավտո, բան են վառում…
Սիրունյան- Միլիցեքի ավտոները մենակ, մեկ էլ լֆիկի խանութն են թալանում…»:

Այնուհետև հնչում է ծիծաղ:

Հայկ Ալումյանն ասաց. «Կարևոր է, թե երբ է տեղի է ունեցել այս խոսակցությունը՝ մարտի 1-ին, երեկոյան ժամը 23:40-ի սահմաններում, երբ որ համարյա բոլոր զոհերի մասին հայտնի էին:

Իսկ մեզ փորձում են ասել, որ հատուկ սադրանք են արել, որպեսզի հիմք լիներ, որ պետությունը ուժ կիրառեր:

Այսպես է ամեն ինչը եղել: Եթե այս պայմաններում արտակարգ դրություն չհայտարարվեր, պատկերացեք՝ ինչ էր տեղի ունենալու հետո»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում