Վիտալի Բալասանյանը հանդիպել է Միջնավան և Ծաղկաբերդ համայնքների ընտրողներին (լուսանկարներ)

Վիտալի Բալասանյանը հանդիպել է Միջնավան և Ծաղկաբերդ համայնքների ընտրողներին (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, Times.amԱրցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել է Միջնավան և Ծաղկաբերդ համայնքների ընտրողներին, տեղեկացնում է Վիտալի Բալասանյանի գրասենյակը։

Այստեղ հիմնական խոսողի դերում ընտրողներն էին, որոնք ունեն կուտակված բազմաթիվ խնդիրներ և դիմում են Վիտալի Բալասանյանին՝ խոստում ստանալով, որ ընտրվելու դեպքում լուծելու է դրանք:

«Մենք ունենք անծայրածիր հողեր, բայց դրանք խլել են մեզանից»,- ասել է գյուղացիներից մեկը: «Եթե անասուն չենք պահելու, հող չենք մշակելու, մեր երեխաներն այստեղ չեն մեծանալու, ինչպե՞ս պահենք սահմանը»,- դժգոհել է մեկ ուրիշը: «Տղաս ամուսնացել է և առանձին է ապրում, բայց մի սանտիմետր հող չունի: Դիմում ենք վերևներին, ասում են՝ վարձակալել են հարյուր տարով: 60 տարեկան մարդը 100 տարով ինչպե՞ս է վարձակալել»,- ասել է երրորդը:

Երիտասարդ ընտրողներից մեկն էլ ասել է, որ իրենց մտահոգող առաջնային խնդիրն Արցախի հարցն է, մյուսները կլուծվեն հերթականությամբ և հարցրել է. «Որպես գեներալ, ուզում եմ լսել Արցախյան հարցի լուծման ձեր տեսլականը»:

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտաի Բալասանյանը պատասխանել է այս և մյուս բոլոր հարցերին և ասել, որ իր նախընտրական ծրագրերն ուսումնասիրելուց հետո կարող են հստակ տեսնել Արցախն ապագայում:

«Ով հողի վրա ապրում է, նա է տերը: Մեր պետական սահմանները նվազագույնը մնալու են այսօրվա դիրքով»,– ասաց նախագահի թեկնածուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում