Իրանը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում Ռուսաստանից օգնություն է խնդրել

Իրանը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում Ռուսաստանից օգնություն է խնդրել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, Tert.amՌուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել է, որ Թեհրանը նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Ռուսաստանի Դաշնությունից օգնություն է խնդրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք ողջունում ենք բոլոր երկրներից, այդ թվում՝ նաև մեր համախոհներից տրամադրվող մարդասիրական օգնությունը»,- նշել է դիվանագետը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար Իրանին աջակցելու պատրաստակամություն էր հայտնել:

Իրանը Covid-19 կորոնավիրուսով վարակման թվով Չինաստանից, Հարավային Կորեայից և Իտալիայից հետո աշխարհում չորրորդ տեղում է: Երկրում գրանցվել է վարակման 1501 դեպք, որից 66-ը` մահվան ելքով:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2943-ի, բուժվել են 47 000-ը, ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 80 151 դեպք:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ ամբողջ աշխարհում զոհերի թիվը հասել է 3100-ի, իսկ ախտահարվածներինը՝ ավելի քան 90 000-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում