Մենք կլինենք խրամատում և թույլ չենք տա հակահայ որևէ քայլ. Վիտալի Բալասանյան

Մենք կլինենք խրամատում և թույլ չենք տա հակահայ որևէ քայլ. Վիտալի Բալասանյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, FacebookԱրցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը մարտի 3-ին մեծ հանդիպում է ունեցել Շուշիի բնակիչների հետ:

«Իմ տեսակը պայքարող տեսակ է: Մենք ձեզ հետ միասին դեռ 91-94 թվականին հաղթանակներ կերտեցինք, որոնք, ցավոք, միջազգային հարթակներում դիվանագիտորեն չկարողացանք ամրագրել: Իմ սրբազան պարտքն եմ համարում այդ հաղթանակները, այդ խրամատի հաղթանակները, 12 հազար քառակուսի կիլոմետրը միջազգային հարթակներում ամրագրել, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործում իմ ներդրումն ունենալ: Վստահ եմ, որ ձեզ հետ միասին կկարողանանք 2020 թվականը դարձնել հաղթանակների տարի, ինչպես մայիսյան եռատոներն են»,- ելույթում ասաց Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուն:

«Համոզված եմ, որ Հայաստանում և Արցախում ապրող ամբողջ ժողովուրդն ու հայությունը դեմ է ցանկացած հակահայ քայլերին, որ այսօր կատարվում են կամ փորձելու են կատարել: Մենք ձեզ հետ միասին լինելու ենք խրամատում և թույլ չենք տալու»,- հավելեց նա:

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների հետ իր հարաբերություններին և դրանք առճակատում որակումներին, Վիտալի Բալասանյանն ասաց, որ ոչ հայկական պրոյեկտներն են նման տպավորություն ստեղծում: Առճակատում չի կարող լինել. «Համոզված եղեք, որ ես եմ լինելու Արցախի նախագահը, և որևէ խնդիր չի լինելու: Մարդիկ ասում են՝ ո՞նց եք աշխատելու ՀՀ վարչապետի հետ: Շատ հասարակ, ՀՀ և ԱՀ Սահմանադրությունից ելնելով»:

«Արցախում ապրող յուրաքանչյուրի համար գլխավոր խնդիրը մեր անվտանգության բաղադրիչն է: Պոպուլիզմով առաջնորդվելն իմ տեսակը չէ: Ես անցել եմ ճանապարհ, ես երդում տված մարդ եմ, ես իմ երկիրը, իմ Հայաստանն ու Արցախը շատ եմ սիրում, և ձեզ հետ միասին մեր առաջին հարցը լինելու է անվտանգության հարցը՝ իր բոլոր տարրերով՝ պետական սահմանի պաշտպանություն, բանակի հարց, պահեստազոր, քաղպաշտպանություն»,- ասաց ԱՀ նախագահի թեկնածուն:
Վիտալի Բալասանյանի ելույթին հաջորդեց շոու ծրագիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում