Վիտալի Բալասանյան. «Տարածքներ չեն հանձնվելու, իրականացնելու ենք Արցախի համաչափ զարգացման ծրագրեր»

Վիտալի Բալասանյան. «Տարածքներ չեն հանձնվելու, իրականացնելու ենք Արցախի համաչափ զարգացման ծրագրեր»

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, Times.amԱրցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչները մարտի 4-ին Ասկերանի շրջանում էին։

Նրանք հանդիպումներ են ունեցել Խնածախ, Այգեստան, Խնձրիստան, Խաչեն, Նորագույղ և Խնապատ գյուղերում։ Բալասանյանի գրասենյակից փոխանցում են, որ ամենուր թեկնածուն ջերմ ընդունելության էր արժանանում, շփումը գյուղացիների հետ անկեղծ ու բաց էր։

Ըստ աղբյուրի, նշված բոլոր գյուղերն ունեն ահռելի թվով սոցիալական խնդիրներ, սակայն ընտրողների հիմնական հետաքրքրությունը կուռուպցիայի դեմ արդյունավետ պայքարն էր, Արցախի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի հարցի լուծումը։ Արցախի անվտանգության մասին քննարկումներում գյուղացիները նշում էին, որ նախագահի թեկնածու Բալասանյանից, ինչպես նաև Հայաստանի իշխանություններից, հստակ դիրքորոշում և մոտեցում են սպասում։

«Մենք կարողացանք ազատագրել և պաշտպանել Արցախը՝ միասին։ Ես, որպես զինվորական, որպես Ձեզ հետ ճանապարհ անցած մարդ, ասում եմ՝ տարածքներ չեն հանձնվելու»,- ասաց Վիտալի Բալասանյանը։

Նա ընդգծել է, որ լիովին համակարծիք է գյուղացիների հետ` եթե երկրի անվտանգության ուղղությամբ հստակ քայլեր չարվեն, ո՛չ տնտեսություն կունենանք, ո՛չ առողջապահություն, ո՛չ կրթություն, ո՛չ բարեկեցիկ կյանք։

«Թույլ չեմ տալու, երդումս կարող եմ կրկնել Ձեր առջև, թույլ չեմ տալու տարածք հանձնվի… Եկեք պատասխան տանք մեր մարտական այն ընկերներին, որոնք այսօր մեզ հետ չեն, սա՞ է մեր պահած երկիրը»,- իր խոսքում նշել է Բալասանյանը։

Նախագահի թեկնածուն վստահ է, որ որևէ մեկը չի կարծում, թե ինքն աթոռի կամ փողի է ձգտում:

Բալասանյանը շեշտել է, որ պետք է հասկանալ նաև, որ այս ընտրություններում յուրաքանչյուրի ձայնն է որոշիչ լինելու։ Նա ընտրողներին հորդորել է` անպայման գնալ և կատարել իրենց ընտրությունը՝ գիտակցելով, որ կանխորոշում են Արցախի ապագան։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում