Ռոհանի.«Իրանը շուտով վերահսկողության տակ կառնի կորոնավիրուսի բռնկումը»

Ռոհանի.«Իրանը շուտով վերահսկողության տակ կառնի կորոնավիրուսի բռնկումը»

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, Panorama.amԻրանի նախագահ Հասան Ռոհանին հավաստիացրել է, որ երկիրը կկարողանա շուտափույթ վերահսկողության տակ առնել նոր կորոնավիրուսի բռնկումը: Այս մասին գրում է regionmonitor-ը։

Ռոհանին կառավարության նիստին ասել է․«Մենք կհաղթահարնեք այս խնդիրն ամենակարճ ժամկետներում մահացության մինիմալ դեպքերով»:

Նա քննադատել է «թշնամիներին», որոնք օգտվել են այդ բռնկումի և կեղծ լուրեր ու հայտարարություններ տարածել՝ խաղաղությունն ու իրանցիների վստահությունը խաթարելու համար:

«Նրանք կեղծ թվեր են ներկայացնում, պնդում են, որ մարդկանց տեղյակ չեն պահում իրական իրավիճակի մասին, մինչդեռ առաջին իսկ օրվանից, երբ մենք իմացել ենք վիրուսի ներթափանցման մասին, առողջապահության նախարարությանը հանձնարարվել է վիճակագրությամբ և տվյալներով իրազեկել մարդկանց»:

Ռոհանին նաև քննադատել է Վաշինգտոնի հայտարարությունն Իրանին օգնելու պատրաստակամության մասին: «Դժբախտաբար, նրանք, ովքեր պատժամիջոցներ են կիրառել սննդի և դեղամիջոցների նկատմամբ, այժմ թաքնվում են կարեկցանքի դիմակի հետևում` պնդելով, որ ձգտում են օգնել: Եթե նրանք անկեղծ են, թող գոնե չեղարկեն պատժամիջոցները դեղամիջոցների նկատմամբ: Սա կլինի առաջին քայլը»:

Ըստ վերջին տվյալների` Իրանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 2822-ի, իսկ մահացության դեպքերը` 92-ի:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է օգնել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում։ «Մենք շատ լավ գլուխ ենք հանում, ունենք հիանալի խումբ։ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հիանալի աշխատանք է կատարում»,- ասել էր Թրամփը:Նա վստահեցրել էր՝ աշխարհի լավագույն բժիշկները ԱՄՆ-ում են։ «Մենք կօգնեինք Իրանին, եթե նրանք դա ցանկանային։ Իրանը կորոնավիրուսից շատ տուժեց»,- հավելել էր Թրամփը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում