Ուղևորներից մեկը կոտրել է ավիաընկերության կայքն ու բիզնես դասով մի երկրից մյուսը մեկնել

Ուղևորներից մեկը կոտրել է ավիաընկերության կայքն ու բիզնես դասով մի երկրից մյուսը մեկնել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, Tert.am: Բելգիական խոշոր Brussels Airlines ավիաընկերության ուղևորներից մեկը կոտրել է ավիափոխադրողի կայքը և բիզնես դասով անվճար մեկ այլ երկիր մեկնել, հայտնում է Independent-ը:

Տեղեկությունների համաձայն` 25-ամյա տղամարդը, որի անունը չի բացահայտվում, կոտրել է ընկերության պաշտոնական կայքը: Ուղևորն ավիատոմսեր է գնել, այնուհետև այնպես է միջոցները վերադարձրել, որ ամրագրումը վավեր է մնացել:

Ուղևորը կարողացել է այս եղանակով առանց մեկ լումա անգամ ծախսելու երեք անգամ բիզնես դասով Նյու Յորք թռչել:

Ընկերության ներկայացուցիչները բացահայտել են խարդախությունն ու ուղևորի դեմ դատական հայց են ներկայացրել: Տղամարդուց պահանջում են 20 000 եվրո վերադարձնել ավիաընկերությանը, քանի որ յուրաքանչյուր տոմսի արժեքը մոտ 6 000 եվրո է եղել:

Ընկերությունը նաև «հավելյալ» հազար եվրո է պահանջում իրավախախտից, քանի որ հենց այդքան է անհրաժեշտ եղել կայքի խոցելիությունը վերացնելու համար: Միևնույն ժամանակ իրավախախտի փաստաբանը պնդում է, որ իր քայլով ուղևորը մատնանշել է ավիաընկերության կայքի խոցելիությունը, ուստի նա պարտավոր չէ որևէ բան վճարել:

Նշվում է, որ դատարանը գործի առնչությամբ որոշում կկայացնի մարտի 30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում