Թուրքիան Իդլիբում ևս 2 զինծառայող է կորցրել

Թուրքիան Իդլիբում ևս 2 զինծառայող է կորցրել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, Tert.am: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում երկու զինծառայող է զոհվել, ևս երեքը վիրավորվել են, գրում է minval.az-ը։

«Իդլիբում «Գարնանային վահան» գործողության անցկացման գոտում զոհվել են մեր երկու զինվորականները, ևս երեքը վիրավորվել են»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում:

Պաշտպանական գերատեսչությունում պնդում են, որ թուրք զինծառայողները զոհվել են «Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի» ուժերի կողմից գնդակոծության հետևանքով։

Հիշեցնենք, որ իրավիճակն Իդլիբում սրվել է փետրվարի 27-ից ի վեր, երբ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրակ են բացել սիրիական կառավարական բանակի դիրքերի ուղղությամբ, որին հակահարված են տվել սիրիացի բանակայինները: ՌԴ ՊՆ տվյալներով՝ սիրիական բանակի կրակահերթի տակ են հայտնվել նաև թուրք զինծառայողները, որոնք այնտեղ չպետք է լինեին: Կատարվածի հետևանքով 36 թուրք զինվորական է մահացել:

Ռուսական կողմն այդ տեղեկությունը ստանալուն պես քայլեր է ձեռնարկել կրակի դադարեցման ուղղությամբ և պնդում է, որ ռուսական ավիացիան այդ շրջանում չի կիրառվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում