ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում լրացումներ կատարելու նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում լրացումներ կատարելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, Aysor.am: Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 70 կողմ, 21 դեմ և 22 ձեռնպահ ձայներով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է, որպեսզի պահման վայրեր այցելելու հնարավորությունը նշելուց բացի, հստակ նշվի տեսակցելու հնարավորությունը, քանի որ իրավակիրառ պրակտիկայում պատգամավորները խնդիրների են հանդիպում. հիմնարկների ղեկավարությունը թույլ է տալիս մտնել հիմնարկ, սակայն չի թույլատրում շփվել` պատճառաբանելով, որ հոդվածում միայն մուտքի ու ելքի մասին է նշված:

Նախագծի քվեարկությունից առաջ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը կոչ արեց մերժել նախագիծը, քանի որ գործող օրենսդրությամբ արգելք չկա, որ պատգամավորը հանդիպի կալանավորված և ձերբակալված անձանց, սակայն վերջինիս գործընկեր, իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտնեց, որ կողմ է քվեարկելու նախագծին:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին նշեց, որ անձնապես իրեն բազմիցս արգելել են մուտք գործել քրեակատարողական հիմնարկներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում