Վաչե Գաբրիելյան. Հարթ եկամտային համակարգը բավարար եկամուտներ գեներացնելու և ըստ անհրաժեշտության բաշխելու հնարավորություն չի ընձեռում

Վաչե Գաբրիելյան. Հարթ եկամտային համակարգը բավարար եկամուտներ գեներացնելու և ըստ անհրաժեշտության բաշխելու հնարավորություն չի ընձեռում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, Panorama.am: «Բնականաբար, բոլոր քաղաքացիները պետք է իրենց գլխից հանեն աղքատությունը: Սա անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է»,- ՀՅԴ նախաձեռնած սոցիալ-տնտեսական զարգացման առկա խնդիրների վերաբերյալ համաժողովին ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Նա չի կարծում, որ եթե ինչ-որ մեկն իր գլխից աղքատությունը չի հանել, նա հնարավորություն ունի աղքատությունից դուրս գալու:

«Սակայն, միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ կան բազմաթիվ շուկայական անհարթություններ, որոնց հետևանքով հնարավոր չէ աշխատուժն անմիջապես մտցնել շուկա, բացի այդ՝ մտցնելով շուկա, հնարավոր չէ նրանց տալ այն նրբությունները, որոնք նա կարող է օգտագործել բարձր վճարովի աշխատատեղեր ստանալու համար: Այստեղ հարցադրումը կամ-կամ չէ, այլ և-և է: Բնականաբար, պետությունը պարտավոր է ստեղծել պայմաններ, նաև ինչպիսիք են ակտիվ աշխատանքային շուկայի քաղաքականությունը, այդ ուղղությամբ պետությունը պետք է գումարներ ծախսի, աշխատուժին այդ ուղղությամբ վերապատրաստի»,- ասաց Վ.Գաբրիելյանը:

Նա համոզված է, որ եկամտային հարկը պետք է լինի պրոգրեսիվ, հարթ եկամտային համակարգը բավարար եկամուտներ գեներացնելու և ըստ անհրաժեշտության բաշխելու հնարավորություն չի ընձեռում:

«Այդ թվում խնդիրը չի կայանում զուտ արդարացիության կամ խթանների տեսակետից: Խնդիրը կայանում է հենց ծախսեր անելու հնարավորություն ընձեռելուն և դրանից բացի նաև դինամիկ հավասարակշռություն ապահովելու տեսակետից, որովհետև բևեռացությունը մեծանում է»,- ասաց նա:

Վ.Գաբրիելյանի խոսքով, ազգային տնտեսության խթանման տեսակետից, երբ գործում է պրոգրեսիվ համակարգ, այդ պարագայում, երբ որ տեղի է ունենում եկամուտների ավելի շատ հավասարաչափ բաշխում տարբեր խավերի միջև, տեղական ծառայությունների և ապրանքների նկատմամբ ներկայացված պահանջարկը լինում է ավելի մեծ:

«Այդ առումով տնտեսական ավելի հավասար զարգացում է ապահովում: Դա լինում է թե ներառական, թե ավելի կայուն ու հաստատուն տնտեսական զարգացման տեսակետից»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում