«Այո»-ի քարոզարշավն ընթանում է բազմաթիվ խախտումներով. «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ

«Այո»-ի քարոզարշավն ընթանում է բազմաթիվ խախտումներով. «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, Тert.am«Այո»-ի քարոզարշավն ընթանում է բազմաթիվ խախտումներով: Այս մասին Тert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրական հանրաքվեի «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը:

Նա նշեց, որ, մասնավորապես խախտվում է հանրային ծառայության, հանրային պաշտոնյայի պարտականությունները և նրա խոսքով՝ դրա վերջին վառ օրինակը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունն էր և դրան հետևած ԿԸՀ-ի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նախարարն ասել էր. «Սիրելի հայրենակիցներ, ես կոչ եմ անում բոլորիդ ապրիլի 5-ին գնալ տեղամասեր և «այո» ասել սահմանադրական փոփոխությանը»: Նշենք նաև, որ սրան հետևել էր ԿԸՀ հայտարարությունը, որ ուսումնասիրել են Սուրեն Պապիկյանի ելույթը և անմիջապես կապ հաստատել «Այո» քարոզչության կողմի ներկայացուցչի և նախարար Սուրեն Պապիկյանի հետ, ուշադրությունը հրավիրել «Հանրաքվեի մասին» օրենքի պահանջների վրա, տեղեկացրել հանրաքվեի քարոզչության ընթացքում դրանք խստորեն պահպանելու մասին:

«Ինձ համար անընդունելի է նաև այն քարոզչության ձևը, որ վարչապետը նախ հանդես է գալիս «այո»-ի քարոզչությամբ ու ցանցային քարոզչությամբ, այնուհետև գնում է ճանապարհները ստուգելու, իսկ դա բխում է վարչապետի կարգավիճակից և դրան անմիջապես հաջորդում է բուկլետների բաժանումը և այս ամբողջը մատուցվում է իր ֆեսյբուքյան էջով»,– ասաց նա և ընդգծեց, որ դա ևս խախտում է, քանի որ հստակ կա կանոն, որ ի պաշտոնե հանդես գալիս և պաշտոնեական լիազորությունները կատարելիս չի կարելի զբաղվել քարոզչությամբ:

Նրա համոզմամբ՝ հավասարությունը խախտվել է: «Ես որպես «ոչ»-ի կողմ չունեմ այն լիազորությունը ,որ ճանապարհ կառուցեմ և իմ քարոզչության ընթացքում չեմ կարող գնալ ցույց տալ, որ ես ճանապարհ եմ կառուցել»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ կարծես օրենքը չի արգելում, որ վարչապետը քարոզչությամբ զբաղվի, այն էլ ոչ աշխատանքային ժամերին, նա նշեց, որ օրենքն արգելում է պաշտոնեական լիազորությունները կատարելիս, կամ ի պաշտոնե հանդես գալիս իրականացնել քարոզչություն: «Վառ օրինակ էր Սուրեն Պապիկյանը, որ ինքը որպես նախարար էր հանդես գալիս Ազգային ժողովում ի պաշտոնե և «Այո»-ի քարոզ արեց: Այս պահին էլ իմ համոզմամբ վարչապետը քարոզարշավի ընթացքում, երբ իրականացնում է իր վարչապետի լիազորությունները, օրինակ՝ ճանապարհների հետ կապված և դրան հաջորդում է անմիջապես բուկլետների բաժանումը և դա ցուցադրվում է ֆեյսբուքյան ուղիղ եթերով, իմ համոզմամբ այստեղ նույնպես խախտում ունենք. առնվազն խախտվում է հավասարությունը»,- նշեց նա և ընդգծեց, որ նա ոչ աշխատանքային ժամին էլ է վարչապետ և ոչ աշխատանքային ժամին էլ է իրականացնում վարչապետի լիազորություններ:

Նրա խոսքով՝ ի վերջո եթե լինի արտակարգ մի իրավիճակ, վարչապետը կիրակի օրով էլ պետք է գնա և կառավարության նիստ վարի:

Ինչ վերաբերում է «Ոչ»-ի ճամբարին, Բաբայանն ասաց, որ ի սկզբանե ինչ հայտարարել են, նույն ուղղությամբ շարժվում են: «Այսինքն՝ մենք ստանձնել ենք «ոչ»-ի իրավական պաշտպանությունը, միաժամանակ համագործակցում ենք բոլոր այն ուժերի հետ, որոնք ցանկություն ունեն «այո»-ից տարբերվող կարծիքների շուրջ համագործակցել: Մեզ արդեն միացել է «Ազգային օրակարգ» կուսակցությունը իր քարոզչական պաստառները փակցրել է մեր հարթակի միջոցով»,- նշեց նա:

Հարցին՝ ի՞նչ եղավ այն հայտարարությունների հետ, որ «Ոչ»-ի ճամբարից փող են բաժանում, դիմել էին դատախազություն որևէ արձագանք կա՞, Բաբայանը նախ նշեց, որ նման հայտարարությունների պարագայում իրենք անմիջապես արձագանքում են և դիմում են դատախազությանը և իրավապահ մյուս մարմիններին:

«Վերջին երկու դեպքին, որոնց ես եմ արձագանքել գիտեմ, որ երկու դեպքն էլ ուղարկվել է ոստիկանություն, սակայն թե ինչ ընթացք են ստացել այդ դեպքերը, որևէ տեղեկություն հայտնի չէ: Դատախազությունն էր հաղորդագրություն տարածել, որ մի քանիսը հերքվել են, մի քանիսով շարունակվում են զբաղվել: Հիմա ես չգիտեմ՝ Ստյոպա Սաֆարյանի հայտնած տեղեկությունը հերքվե՞լ է, թե ոչ»,– ասաց նա:

Հարցին էլ՝ «Ոչ»-ի բոլոր հանձնաժողովի անդամները նշանակվա՞ծ եմ, Բաբայանն ասաց. «Այո, բոլորը ներկայացված են. նրանք Հանրապետական, Դաշնակցություն և Լուսավոր հայաստան կուսակցություններից են: Բարգավաճը չի միացել, միևնույն ժամանակ ասել է՝ ովքեր կցանկանան կարող են գնալ մասնակցել, հիմա չգիտենք, կարող են լինել հանձնաժողովի անդամներ, որոնք ներկայացնում են ԲՀԿ-ն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում