«Այո»-ի քարոզարշավի ընթացքում իրականացրած խախտումները պետք է ունենան իրավական հետևանքներ. Ռուբեն Մելիքյան

«Այո»-ի քարոզարշավի ընթացքում իրականացրած խախտումները պետք է ունենան իրավական հետևանքներ. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, Tert.am: Այս պահին երկու բնույթի գործունեություն ենք իրականացնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ոչ»-ի շտաբի համակարգող Ռուբեն Մելիքյանը` ներկայացնելով «Ոչ»-ի քարոզարշավի ընթացքը:

«Առաջինը` վերահսկողական մեխանիզմները ձևավորելն է, մենք արդեն ներառել ենք հանձնաժողովի անդամներին, վստահված անձանց խնդրի ուղղությամբ ակտիվ աշխատում ենք: Երկրորդ բլոկը հարթակների տրամադրումն է, մենք պատրաստ ենք օրենքով մեզ հասանելիք հարթակները տրամադրել հանրությանը, ասելիք ունեցող ուժերին»,-ասաց նա և նշեց, որ շատ են ստանում քաղաքացիներից պատրաստակամության վերաբերյալ դիմումներ, մասնացկելու թե՛ որպես հանձնաժողովի անդամները, թե՛ որպես վստահված անձիք:

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ խախտումներ վեր հանելու, քարոզարշավի ընթացքը վերահսկելու գործառույթ ևս իրականացնում են և ամենավառ օրինակը տարածքային կառավարման նախարար, «Այո» շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի կողմից թույլ տված կոպիտ խախտումն էր, որին արձագանքեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, երբ ի պաշտոնե հանդես գալով տարածքային կառավարման նախարար փաստորեն քարոզարշավ իրականացրեց:

«Նաև այսօրվա վարչապետի քարոզարշավը ևս իրավական տեսանկյունից խնդրահարույց էր, որովհետև Նիկոլ Փաշինյանը մեկնում է քարոզարշավի և մի քանի րոպե առաջ հանդես գալով որպես ՀՀ վարչապետ` վերահսկողական գործառույթ է իրականացնում, ճանապարհաշինության, ասֆալտապատման հետ կապված և տարածքային կառավարման նախարարը նրան զեկուցում է: Այսինքն՝ այս երկու կարգավիճակները չպետք է համադրվեն: Այսինքն, եթե կոնկրետ դեպքում ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանն իրականացնում է քարոզարշավ, ապա նա չպետք է զուգորդի ՀՀ վարչապետի որևէ գործառույթի իրականացման հետ, այդ թվում, օրինակ, վերահսկողական»,- ասաց նա և նշեց, որ խոսքը չի վերաբերում միայն Նիկոլ Փաշինյանին:

Ռուբեն Մելիքյանը նշեց, թե միաժամանակ կարծում է, որ խախտումները պետք է ունենան հետևանքներ: «Օրինակ՝ նույն Սուրեն Պապիկյանի ԱԺ-ից քարոզարշավն արձանագրվեց, բայց իրավական տեսանկյունից որևէ հետևանք չառաջացավ: Օրինակ, եթե մեր գործընկերներն իրապես իրավական պետության արժեքը գնահատում են, ես կառաջարկեի որպես հետևանքի տարբերակ, որ «Այո»-ի քարոզչության կողմը դիտարկեր, օրինակ, մեկ-երկու օրով անվճար եթերժամերից հրաժարվելու տարբերակը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է «Ոչ»-ի կողմնակիցներին կաշառք տալու մեղադրանքներին, Ռուբեն Մելիքյանն ասաց, որ Դատախազությունը որևէ տեղեկություն չի տրամադրել քրեական գործ հարուցելու վերաբերյալ, ինչը դա քննադատելի է համարում: «Ես կարծում եմ, որ Դատախազությունը հենց նույն օրը պետք է քրեական գործ հարուցեր, առնվազն այս չակերտավոր փաստերից մեկի, երկուսի կապակցությամբ: Մենք այդ փաստերի հետ կապված դատարան հայցեր ենք ներկայացնում: «Մենք սա համարում ենք կեղծ օրակարգի ձևավորման փորձ, որի նպատակը հակաքարոզչությունն է «Ոչ»–ի դեմ»,-հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում