Պատմաբանությունը, խոշոր հաշվով, միասնության էպիզոդների փառաբանման և ձեռքբերումների շղթա է. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ)

Պատմաբանությունը, խոշոր հաշվով, միասնության էպիզոդների փառաբանման և ձեռքբերումների շղթա է. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, Tert.am: Պատմական գիտությունների թեկնածու, հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը և հրապարակախոս, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը այս անգամ զրուցել են ազգային միասնություն թեմայի շուրջ:

Ֆարմանյանի կարծիքով՝ ոչ մի բանի մասին այդքան շատ չի խոսվել ու խոսվում, որքան մեր ազգի ու ժողովրդի միասնության:

«Պատմաբանությունը, խոշոր հաշվով, միասնության էպիզոդների փառաբանման և ձեռքբերումների շղթա է, մյուս կողմից՝ ժամանակակից ժողովրդագրական պայմաններում միասնությունը մի քիչ կասկածելի ֆենոմեն է»,-նշեց նա։

Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ ժողովրդավարությունը տարբեր խմբերի անվերջ և անդադար մրցակցության հարթակ է, որտեղ կուսակցությունները, հասարական կազմակերպությունները և այլ միավորները անվերջ մրցակցության մեջ են՝ հատկապես քաղաքական բաղադրիչի մասով:

«Մենք շարունակում ենք խոսել միասնության նաև համերաշխության մասին, բայց այստեղ մի նուրբ սահման կա՝ մենք կորցնում կամ կարող են կորցնել բնազդով մեզ տրված հուշումը, որ կա հարցերի շրջանակ, որտեղ, որքան էլ վերացական թվա, ազգային միասնություն կոչվածը, այդհանդերձ այդ իներցիան է, որ ժողովրդին կարող է օգնել լուծել իր առջև դրված պատմության խնդիրները: Այստեղ միայն արտաքին ագրեսիան չէ, որը պահանջում է ժողովրդի կոնսոլիդացիան»,- ասաց նա:

Ըստ Տեր-Աբրահամյանի՝ հանրային միասնության թեման շատ հին թեմա է, քաղաքական փիլիսոփայության ամենահին թեմաներից է: Փլիսոփայության մակարդակում, որքան տեսականորեն թեման բարդ լինի, միևնույն է՝ այն լուծելի է: «Իդեալում խոսքը բարդ միասնության մասին է, որովհետև և՛ միասնությունը, և՛ մրցակցությունը, հասարակության համար անհրաժեշտ պայմաններ են, թեև հակադիր բևեռներ են: Առանց մրցակցության, հասարակությունը ճահճի է վերածվում, և առանց միասնության ընդհանրապես հասարակության մասին խոսելն ավելորդ է, քանի որ պետությունը ամենաառաջնայինը միասնության դրսևորում է:

«Մենք ծայրահեղ միասնության օրինակներ ունենք, որտեղ մաքսիմալ ճնշվում է ներքին մրցակցությունը: Դա տոտալիտար համակարգն է, օրինակ՝ սովետական համակարգերը, և պատմությունը ցույց է տալիս, որ սրանք, որպես երկարատև համակարգ, կենսունակ չեն՝ կոշտ են և կոտրվում են: Մյուս ծայրահեղությունն այն է, որ ներքին մրցակցության հետևանքով կարող են փլուզվել պետություններ, քանի որ ներքին մրցակցությունը միշտ պետք է որոշակի մակարդակում զսպվի, սակայն սա հարցի տեսությունն է», –ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում