«Բոյկոտ»՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և անօրինականությանը

«Բոյկոտ»՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և անօրինականությանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, Panorama.am: «Պատճառներից մեկը, որ մենք բոյկոտում ենք այս հանրաքվեն, այն է, որ կա հասարակության՝ սևերի և սպիտակների պառակտում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բոյկոտ» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանն՝ անդրադառնալով ապրիլի 5-ին անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։

Ըստ Չախալյանի, առաջացած պառակտումն անընդունելի է, և այն չի բխում պետականության շահերից, այլ ծուղակ է պետության համար.

«Մենք փորձելու ենք հանրությանը բացատրել, քարոզել, որ սա սխալ է, մերը չէ, իսկ մենք պետք է համերաշխ լինենք։ Երբ իշխանությունը օրենք է խախտում թեկուզ մեկ անգամ, ապա երկիրը դատապարտում է հակաօրինականության։ Հիշեք Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից 1996 թվականի նախագահական ընտրությունների կեղծումը։ Մինչ օրս դրա հետևանքներն ենք տեսնում, և երկիրը խելքի չի գալիս։ Այս հանրաքվեն էլ վտանգ է պարունակում, և երկիրը մտցնում է մի շրջափուլ, որից չգիտենք՝ դուրս կգանք, թե ոչ»։

Նա նշեց, որ իրենք ապրիլի երկուսին հայտարարելու են ազգային միասնության, համերաշխության օր՝ կոչ անելով քաղաքական բոլոր ուժերի միասին քայլերթ իրականացնել Ազատության պողոտայից դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ապա այնտեղից Էջմիածին։

«Բոյկոտ» նախաձեռնության անդամ Հմայակ Մկրտչյանը նշեց, որ հանրաքվեի համար պետք է ՍԴ դրական եզրակացությունը, որն ԱԺ-ն չի ստացել, ինչը օրենքի խախտում է։ Իսկ այդ խախտումը շատ վատ տեղ է տանում պետությանը։

«Մեր երկրի 2018 թվականին ստացած ժողովրդավար իմիջը ևս վտանգվում է։ Մենք անօրինական ենք համարում այս հանրաքվեի անցկացումը։ Մենք ասում ենք՝ պետք է բոյկոտվի հանրաքվեն, քանի որ այն անօրինական է։ Մենք «Ոչ» չենք ասելու, քանի որ այդ տարբերակով մենք էլի մասնակցում ենք հանրաքվեին, ուստի կոչ ենք անում չգնալ հանրաքվեին, բոյկոտել այն»,- ասաց Մկրտչյանը։

Վահագն Չախալյանն էլ նշեց՝ տեղեկություն ունեն, որ պետական համակարգի աշխատողները չեն կարող չներկայանալ ընտրատեղամաս։

«Բայց եթե նրանք ստիպված գնան ընտրատեղամաս, թող քվեաթերթիկների վրա գրեն համերաշխություն, կամ իրենց ցանկությունն՝ ուղղված մեր երկրին, մեր պետությանը, մեր վարչապետին։ Մենք այստեղ վտանգ ենք տեսնում պարոն Մուկուչյանի գործողություններում, քանի որ հների ամենամեծ ներկայացուցիչը հենց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է, և վտանգ ենք տեսնում, որ նա կարող է մանևրել արդյունքները՝ և «ոչ»-ը «այո» ներկայացնել։ Ուստի կոչ ենք անում քվեաթերթիկների վրա գրառումներ անել, որ դրանք անվավեր համարվեն։ Իսկ եթե եղավ հանրաքվե, ապա վերջ կդրվի այսօրվա իշխանության լեգիտիմությանը»,- տեղեկացրեց Չախալյանը։

«Կամք» նախաձեռնության ղեկավար Արմեն Գրիգորյանն էլ նշեց՝ հեղափոխությունը լավ երևույթ է այնքանով, որքանով չի խանգարում պետությանը զարգանալ։

«Եթե նայեք, Կիլիկիայի թագավորության վերջին տասնամյակում տեղի ունեցած խմորումները կաթոլիկների և Հայ Առաքելական եկեղեցու կողմնակիցների միջև հանգեցրին նրան, որ մայրաքաղաք Սիսը գրավեցին։ Հիմա եթե մենք էլ հասարակությանը պառակտում ենք գույների, պետք է հիշենք, որ Հայաստանն ունի արտաքին թշնամիներ։ Դրա համար հայ ժողովուրդը պարտավոր է պահպանել համերաշխություն և իր արժեքներից դուրս չգա։ Պարտադիր չէ, որ հակառակորդի միջոցով պետականությունը կորսվի։ Որպեսզի մեր մեծերի դրույթները մեր ազգի զարգացման վերաբերյալ չփոխվեն, բերեք այդ արժեհամակարգի հիմքը պահպանենք և թույլ չտանք, որ ինչ-որ կերպով այդ հիմքը խարխլվի, փչանա»,- ասաց Գրիգորյանը։

Նա կոչ արեց, որ ընտրողները զսպվածություն և կանխատեսման ձիրք ցուցաբերեն։ Ըստ նրա՝ պետք է գլոբալ մտածել՝ ինչ է լինելու հետագայում։ Ամեն մարդ ինքը պետք է որոշի՝ մասնակցել հանրաքվեին, թե ոչ՝ հասկանալով, որ հետագայում այդ ընտրության համար չպետք է մեղադրի իշխանությանը կամ ընդդիմությանը։

Հմայակ Մկրտչյանն էլ տեղեկացրեց՝ իրենք կոչ են անելու, որ մարզերում բնակվող մարդիկ, ովքեր ճիշտ են համարում՝ համերաշխություն և կոնսենսուս պետք է լինի այս հասարակությունում, ապա նրանք պետք է տեղերում կազմեն խմբեր և տեղեկացնեն հասարակությանը, որ առաջիկա հանրաքվեն անօրինական է, և չպետք է մասնակցել դրան։

Նշենք, որ «Բոյկոտ»-ի անդամները բազմիցս դիմել են վարչապետ Փաշինյանին հանդիպելու համար, սակայն արձագանք չեն ստացել։

«Ինքը ժողովրդական բոյկոտի արդյունքում է եկել իշխանության, մեր շարքերում շատերը կան, որ մասնակցել են հեղափոխությանը։ Իսկ հիմա մենք ցանկանում ենք հանդիպել իրեն, իսկ ինքը խուսափում է։ Դա չի նշանակում, որ ինքը մեզնից ազատվելու է։ Մենք Փաշինյանից 5 պահանջ ունենք։ Մենք պահանջում ենք վերջ դնել հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելուն, ազատվել ավանդական արժեքների դեմ պայքարող և իշխանությանը արջի ծառայություն մատուցող մարդկանցից, և մեզ հետ միասին սկսել համաժողովրդական հաշտության գործընթաց։ Մենք պահանջում ենք նաև պաշտոնապես հրաժարվել Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելուց, և չեղարկել ապրիլի 5-ին անցկացվող հանրաքվեն»,- տեղեկացրեց Չախալյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում