Վերլուծական կենտրոնի փորձագետը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագծի մասին

Վերլուծական կենտրոնի փորձագետը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագծի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, Times.amԱնցյալ շաբաթ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը: Նախագծի շուրջ որոշակի մտահոգություններ Times.am-ի հետ զրույցում հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն այս տեսքով մի փոքր խնդրահարույց է: Հարցերից մեծագույնը գույքի օրինականության վերաբերյալ՝ սեփականատիրոջ կողմից ապացույցների ներկայացման անհրաժեշտությունն է: Այսինքն խախտվում է անմեղության կանխավարկածը, խախտվում է իրավական գործընթացի ողջ տրամաբանությունը: Գործընթացն այս դեպքում կտարվի ոչ թե որևէ մեկի մեղավորությունն ապացուցելու ուղղությամբ համապատասխան մարմինների կողմից, այլ՝ հենց անձի կողմից սեփական անմեղությունն ապացուցելու: Անձը ստիպված է լինելու իր գույքի օրինականությունն ապացուցող գործընթացի մեջ մտնել, եթե ինչ-որ դատախազ կասկածի, որ այդ գույքն անօրինական է: Իսկ թե ինչ պարամետրերով դատախազը կարող է որոշել գույքի անօրինականությունն, իրականում վերահսկելիությունից մի փոքր դուրս է»,– նշեց Լ. Ամիրխանյանը:

Ըստ նրա կա նաև նախագծի երկրորդ՝ խոցելի մասը. «Սա մասնակի կապ ունի ապօրինի գույք տիրապետողների հավանական շրջանակի այսպես ասած «բացահայտման» հետ: Ըստ նախագծի, թիրախում են ներկա և նախկին պաշտոնյաների ընտանիքների անդամները: Չկա որոշակիացում՝ ընտանիքի ներքո ում ի նկատի ունեն: Իսկ ելնելով նաև մեր ազգային ընկալումներից, այդ մարդկանց շրջանակը կարող է շատ լայն լինել: Այստեղ հստակեցում է պետք»:

Փորձագետի պնդմամբ ըստ նախագծի փաստացի շատ-շատերն են ստիպված լինելու իրենց անմեղությունն ապացուցելու գործընթացի մեջ մտնել, ինչը անկախ ամեն ինչից լրացուցիչ գլխացավանքի խնդիր է: «Չի բացառվում, որ ինչ-որ պահից սկսած այս գործընթացի արդյունքում որոշակի շրջանակներ պազապես ձերբազատվեն իրենց գույքից, կամ այլ կապիտալից: Հետևաբար նաև կապիտալի արտահոսքի ռիսկ կա»:

Լ. Ամիրխանյանի կարծիքով նույն նախագիծը կարելի էր դիտարկել իրավական սովորական գործընթացների ներքո, առանց խախտելու անմեղության կանխավարկածը: 

Եթե օրենքի այս նախագծին զուգահեռ դիտարկենք նաև բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունների հարցը, որի վերջնական հաստատումը դրվել է ՍԴ-ի սեղանին, ապա ունենք անձի կապիտալի պաշտպանվածության մակարդակի կտրուկ անկման հավանականություն: Այս ամենն առայժմ անուղղակիորեն, բայց իրենց բացասական ազդեցությունն են ունենալու մեր երկրի թե՛ ներդրումային գրավչության վրա, թե՝ կապիտալի արտահոսքի կանխման հավանականության:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում