Թշնամիներ որոնելով և ազգը պառակտելով՝ լավ տեղ չենք հասնի. Վիտալի Բալասանյան

Թշնամիներ որոնելով և ազգը պառակտելով՝ լավ տեղ չենք հասնի. Վիտալի Բալասանյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, Times.am: «Պետք է հետ վերադառնալ այն ժամանակները, երբ հացն ու մահը հավասար էին բոլորիս համար»,- ասել է Վիտալի Բալասանյանը մարտի 9-ին Հադրութի շրջանի Հակակու, Թաղուտ, Մոխրենես, Տումի, Տող, Մեծ Թաղեր և Ազոխ համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի խոսքով՝ ամբոխավարությունն այս օրերին շատ է։ Նախագահի թեկնածուն ընտրողներին կոչ է արել՝ չտրվել դրանց, չհավատալ կեղծ խոստումներին, որոնք հետո կրկին հիասթափության են բերելու։

«Այսքան տարիներին այդ խոստումներից գոնե մեկը կատարեին էլի, ինչի՞ են սպասել ընտրությունների»,- ասել է նա։ Վճռորոշ փուլում ենք, և բոլոր ուղղություններով երկրի խնդիրները պետք է լուծենք։ «Լինենք միակամ և կուռ, ինչպես 1991-1994թթ. էինք և իրականացնենք մեր ռազմավարությունը, որ երկիրը լինի անվտանգ և արդար: Արցախցին վաղուց այդքան միակամ չէր եղել, ինչպես 2016-ի ապրիլին, երբ այդպես միաբանված, կարճ ժամանակում, կարողացանք ձախողել Ադրբեջանի պլանները»,- ասել է Բալասանյանը։

Նա նշել է, որ ոչ թե ստիպված, այլ պարտավորված է առաջադրվել, քանի որ իր սրբազան պարտքն է համարում այս օրերին Արցախը չթողնել արհավիրքի մեջ։ Այս շրջանում, երբ Արցախը պառակտում են՝ ոմանք հասարակական կազմակերպություններով, ոմանք՝ կուսակցություններով։

«Կյանքովս եմ ապացուցել, որ ես այդ պատասխանատվությունը վերցրել, կրում եմ և կրելու եմ։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Արցախն ունի մարդկային այն ռեսուրսն ու կարողությունը, որ դառնա պաշտպանված և տնտեսապես հզոր, աշխարհում եզակի երկրներից մեկը»,- ասել է Բալասանյանը։

Իսկ անարդարությունը, ըստ նրա, սկիզբ է առել դեռ վաղուց, երբ սկսվել են անարդարացի պարգևատրումները, մեկի հանցագործությունների ներումը, իսկ մյուսին՝ տասը տարով դատապարտելը։ Բայց այս անարդարություններին վերջ դնելու ժամանակը եկել է։ «Պետք է ետ վերադառնալ այն ժամանակները, երբ հացն ու մահը հավասար էին բոլորիս համար։ Եվ արյուն, և քրտինք ենք թափել, բայց եթե այդպես շարունակեինք 1994-ից հետո էլ, 2016-ի ապրիլ չէինք ունենա, մեր տնտեսությունն այս վիճակում չէր լինի»,- ասել է Արցախի հերոսը։

Բալասանյանի խոսքով՝ այժմ էլ պետք է մտահոգվել Արցախի ճակատագրով։ Այժմ այն թեմաները, որոնք քննարկվում են, վերաբերում է Արցախում համատեղ բնակության կազմակերպմանը, ինչն արվել է նաև 1921-23թթ.։ Հետևանքներին բոլորն են քաջածանոթ ։

«Թշնամիներ որոնելով և ազգը պառակտելով՝ լավ տեղ չենք հասնի։ Լինե՛նք միակամ։ Հզորացնենք մեր պաշտպանությունը, շատ գործ ունենք անելու։ Քաղպաշտպանությունը երկրում զրո է, պահեստազորը՝ զրո է, իսկ այս դեպքում, եթե զինված ուժերն անգամ գերազանց լինեն, պաշտպանվելու ենք այնքանով, որքանով…»,- զգոնության կոչ է արել գեներալ Վիտալի Բալասանյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում