ՌԴ պետական հեռուստաալիքը նվաստացրել է Էրդողանին (տեսանյութ)

ՌԴ պետական հեռուստաալիքը նվաստացրել է Էրդողանին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, Tert.amԹուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անհարգալից վերաբերմունքի դրսևորում է անվանել ռուսական ԶԼՄ–ներում տեսանյութի տարածումը, որտեղ երևում է, թե ինչպես է թուրքական պատվիրակությունը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, սպասում Կրեմլի համաժողովների սրահի փակ դռների առաջ։

«Ռուսական ԶԼՄ–ները հարցը ներկայացրել են «դեղին մամուլի» ոճով, ինչն անարգանքի դրսևորում է։ Նման դիրքորոշումը սխալ է։ Անկարայի և Մոսկվայի միջև նվազագույն տարաձայնությունների առկայության պարագայում ռուսական ԶԼՄ–ները վերածվում են սև քարոզչության զենքի։ Հենց որ հարաբերությունները կարգավորվում են, Թուրքիայի նկատմամբ բացասական վերաբերմունքի մասին անմիջապես մոռանում են»,– Minval.az–ի փոխանցմամբ՝ ասել է Չավուշօղլուն։

Տվյալ տեսանյութը հրապարակվել է Россия 1 հեռուստաալիքի եթերում։ Ռեպորտաժում նշվում է, որ ցանկացած արտասահմանյան պատվիրակություն որոշ ժամանակ սպասում է Կրեմլում՝ մինչև, որ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնի հյուրերին ընդունելու պատրաստականության մասին։ Սակայն ռուսական պետական հեռուստաալիքի ընդգծմամբ՝ թուրքական պատվիրակության համար այդ ժամանակահատվածը անսպասելիորեն ձգձգվել է։

Հիշեցնենք, որ Պուտին–Էրդողան հանդիպումը տեղի է ունեցել մարտի 5-ին, որի ժամանակ կողմերը քննարկել են սիրիական Իդլիբում տիրող իրավիճակն ու պայմանավորվել հրադադարի մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում