Վատիկանում զբոսաշրջիկների համար փակվում է Սուրբ Պետրոսի տաճարն ու հրապարակը

Վատիկանում զբոսաշրջիկների համար փակվում է Սուրբ Պետրոսի տաճարն ու հրապարակը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, Tert.amՎատիկանի Սուրբ Պետրոսի տաճարը, ինչպես նաև Վատիկանի պապական բազիլիկի դիմացի հրապարակը երեքշաբթի օրվանից փակվում է զբոսաշրջիկների համար՝ կորոնավիրուսի տարածման կանխմանն ուղղված միջոցառումների շրջանակներում։ Այս մասին հայտնում է РИА Новости–ն՝ հղում անելով Սուրբ աթոռի մամլո ծառայությանը։

«Իտալիայի իշխանությունների հրահանգների համաձայն՝ այսօրվանից մի շարք միջոցառումներ են նախաձեռնվում՝ ուղղված կորոնավիրուսի տարածման կանխմանը։ Սուրբ Պետրոսի բազիլիկն ու հրապարակն այսօրվանից փակ կլինեն զբոսաշրջիկների համար»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Կիրակի քաղաք-պետության իշխանությունները հրահանգել էին ժամանակավորապես փակել Վատիկանի թանգարանները, ինչպես նաև պապական բազիլիկին կից հնագիտական գոտիներն ու բոլոր թանգարանները Հռոմում։

Վատիկանում գործող սուպերմարկետներն ու դեղատները չեն փակվի, սակայն այցելուները պետք է հետևեն համաճարակի պայմաններում սահմանվող կանոններին։

Նշվում է, որ ցանկացած խանութ, ռեստորան կամ բար այցելելիս՝ հաստատության ղեկավարությունը պարտավորվում է ապահովել հաճախորդների միջև 1 մետր հեռավորությունը։

Բոլոր սահմանափակումները կկիրառվեն մինչև ապրիլի 3-ը։

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 463-ի, վարակակիրներինը՝ 9172-ի։ Ողջ աշխարհում հիվանդությունից մահացել է 4088 մարդ, վարակված է 116 152-ը, ապաքինվել է 64 385 մարդ։

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում