Ադրբեջանի իշխանությունը հնարավոր է՝ ռազմական գործողություններ սկսի. Արցախի ԱԺ փոխնախագահ

Ադրբեջանի իշխանությունը  հնարավոր է՝ ռազմական գործողություններ սկսի. Արցախի ԱԺ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Tert.amԱդրբեջանի իշխանությունը, ժողովրդի ուշադրությունը տնտեսական խնդիրներից շեղելու նպատակով, հնարավոր է՝ ռազմական գործողություններ սկսի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալավ նավթի գնի նվազմանն ու դրա հնարավոր հետևանքներին:

Նա ընդգծեց նաև, որ Ադրբեջանի ագրեսիվ մոտեցումները չի կարելի կապել միայն տնտեսական ճգնաժամի հետ:

«Մենք՝ որպես Արցախի բնակիչներ, ամեն պահի էլ սպասում ենք, որ Ադրբեջանը կարող է նման արկածախնդրության գնալ: Տնտեսական ճգնաժամն էլ իր դերակատարությունն ունի. ռազմական գործողություններ՝ ներքաղաքական հիմնախնդիրներից, տնտեսական վիճակից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Հավանականությունը միշտ էլ կա, բայց տնտեսական խնդիրների պարագայում այն մեծանում է: Մեր հանրությունն էլ պետք է իմանա, որ ռազմական գործողություններն ամեն րոպե էլ կարող են լինել, և դրանց պետք է պատրաստ լինել»,-ասաց Բալայանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ իշխանությունների գործողությունները՝ տնտեսական մարտահրավերներին դիմակայելու համար, երբ ՀՀ վարչապետն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այժմ գտնվում են արձակուրդում և զբաղվում սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզարշավով՝ Բալայանն ասաց, թե չի կարող այս պահին որոշակի գնահատականներ տալ ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին:

«Չեմ կարող ոչ թե այն պատճառով, որ տեսակետ չունեմ, այլ որովհետև, երբ իշխանության մեջ գտնվող անձինք են գնահատական տալիս, դրանք միշտ վերածվում են երկու պետությունների միջև որոշակի լարվածության: Ամեն դեպքում, ՀՀ իշխանությունները պետք է առաջնորդեն ժողովրդին և ըստ այդմ էլ՝ համապատասխան գործողություններ ձեռնարկեն»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում