Պուտինը պատմել է Սաակաշվիլիի՝ իրեն տված, սակայն խախտած խոստման մասին (տեսանյութ)

Պուտինը պատմել է Սաակաշվիլիի՝ իրեն տված, սակայն խախտած խոստման մասին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խոստացել էր, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիրները չի լուծելու ուժի գործադրմամբ, սակայն հետո չի պահել խոստումը: Այս մասին ТАСС գործակալությանը տրված հարցազրույցի ժամանակ պատմել է Պուտինը:

«Մենք նրա հետ բազմիցս խոսել ենք այդ մասին, երբ նա դեռ նախագահ էր»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Նրա խոսքով՝ ինքը Սաակաշվիլիին խնդրել է «ոչ մի դեպքում չփորձել Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիրները լուծել ուժային ճանապարհով», ինչին ի պատասխան Վրաստանի նախագահը խոստացել է «երբեք նման բան չանել»:

«Ոչ, ոչ, ես դա երբեք չեմ անի…բայց արեց: Արեց ու ստացավ»,-ասել է Ռուսաստանի նախագահը:

Խոսելով Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների մասին՝ Պուտինը նշել է, որ այդ երկրի իշխանությունները «մի կողմ թռան» Ռուսաստանից:

«Եվ մենք այստեղ կապ չունենք: Թող նրանք Միխեիլ Նիկոլաևիչին շնորհակալություն հայտնեն»,-շեշտել է Ռուսաստանի նախագահը:

2008 թվականի օգոստոսի 8-ի գիշերը Վրաստանը զորք է մտցրել Հարավային Օսիա: Ռուսաստանը կանգնել է ի պաշտպանություն խաղաղ բնակչության և այնտեղ գտնվող իր խաղաղապահների: Հնգօրյա պատերազմի հետևանքով 1000-ից ավելի մարդ է մահացել: 2008 թվականի օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում