«Փաստ»․ Ապագայի մասին ոչ մի խոսք, նորից խրվում է անցյալի ճահճի մեջ

«Փաստ»․ Ապագայի մասին ոչ մի խոսք, նորից խրվում է անցյալի ճահճի մեջ

«Վարչապետ Փաշինյանի ու իր թիմի խնդիրները շատ են: Դրանցից մեկը, որը շատերը այս փուլում համարում են առաջնային, այն է, որ հանրաքվեի օրակարգը քաղաքացիներին անհատապես շատ քիչ է հուզում, քանի որ հանրաքվեի արդյունքում իրենց կյանքի որակը, սոցիալական վիճակը նույնն է մնալու, ինչպես որ կար։

Քանի որ հանրաքվեն ժողովրդի սոցիալ-տնտեսական դրությանը չի վերաբերում, ապա իշխանություններին մնում է ձևավորել այնպիսի օրակարգ, որի դեպքում քաղաքացիները շահագրգռված կլինեն «ԱՅՈ» ասել սահմանադրական փոփոխություններին։ Եվ պատահական չէ, որ իշխանությունների հիմնական առանցքային հարցը կրկին նախկիններն են։

Այլ կերպ ասած՝ իշխանությունների քարոզչության ողնաշարը կազմում են նախկիններին ուղղված քննադատությունները, պատերազմը նույնիսկ նրանց ստվերների հետ, բայց ոչ երբեք ապագայի պլանները։

Դրանում համոզվելու համար պետք է նայել Փաշինյանի բոլոր ելույթները քարոզարշավի ընթացքում, ելույթներ, որոնք այլևս ոչ մի նորություն չեն պարունակում, ելույթներ, որոնց նկատմամբ հանրային հետաքրքրությունն օրեցօր գահավիժում է: Իսկ այդ ամենի ամփոփումը կարելի է համարել երեկ Փաշինյանի կողմից հրապարակված՝ «Հանրաքվեի հռչակագիրը», որի մեխը խարսխված է անցյալի շրջափուլը փակելու վրա։

Փաշինյանը փաստորեն հռչակագրում փորձում է տուրք տալ որոշ ուժերի ճնշումներին, թե անհրաժեշտ է քաղաքական գնահատական տալ անցյալում տեղի ունեցած զարգացումներին: Իհարկե, ասել, թե այս «հռչակագիրը» կարելի է համարել քաղաքական գնահատական, պարզ միամտություն է, սակայն այն ինքնին ինչ-որ «փոխզիջումային» տարբերակ է

«Հռչակագրին» մանրամասն անդրադառնալու կարիք չկա, այն շատերին է արդեն ծանոթ: Սակայն որոշ հանգամանքներ, մեղմ ասած, տարակուսելի են:

Մասնավորաբար, այդ տեքստում Փաշինյանը ցանկանում է ֆիքսել, թե նախկինները իշխանական լծակները կենտրոնացրել են իրենց ձեռքում, մեծ հարստություն են կուտակել, բայց ինքը չի գնալու այդ ճանապարհով, քանի որ իրենք ձևավորելու են իշխանության և բիզնեսի տարանջատման գործուն մեխանիզմներ։

Սակայն այս դեպքում էլ Փաշինյանը հակասում է ինքն իրեն, քանի որ իր գործունեությունը, այդ թվում՝ հանրաքվեի անցկացումը, միտված է իշխանական լծակները սեփական ձեռքերում կենտրոնացնելուն, երբ ՍԴ դատավորները կփոխարինվեն իշխանությունների կամակատար դատավորներով։

Մյուս կողմից էլ Փաշինյանը փորձում է հանրությանը ուղերձ հղել, թե իրենց համար իշխանությունը հարստություն կուտակելու միջոց չէ, բայց իր «մերձակա» բարձրաստիճան պաշտոնյաներին առանց հիմնավորման միլիոնավոր դրամների պարգևավճարներ է բաժանում այն դեպքում, երբ հանրության հիմնական մասը ստիպված է լինելու բավարարվել աշխատավարձերի և թոշակների ընդամենը մի քանի հազար դրամի բարձրացմամբ։

Հետաքրքրական է, որ հռչակագրի կետերից մեկում նշվում է, թե պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստության վերադարձը պետական գանձարան՝ ՀՀ և նրա ժողովրդի անքակտելի իրավունքն է, որը պետք է տեղի ունենա լեգիտիմ ՍԴ-ի ձևավորմամբ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում