Իտալիայում 24 ժամում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն աճել է 31%-ով՝ հասնելով 827-ի

Իտալիայում 24 ժամում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն աճել է 31%-ով՝ հասնելով 827-ի

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Tert.amԻտալիայի կառավարությունը կարգադրել է ամբողջ երկրում փակել բոլոր խանութները, բարերն ու ռեստորանները, քանի որ երկրում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը վերջին 24 ժամում աճել է 31 տոկոսով՝ հասնելով 827-ի, գրում է The Guardian-ը:

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ ամբողջ երկրում կփակվեն բոլոր խանութները բացառությամբ «առաջին անհրաժեշտության իրեր» վաճառող խանութների, ներառյալ՝ դեղատները և սուպերմարկետները:

Նա նաև կոչ է արել 60 միլիոն բնակչությանը «չշտապել սուպերմարկետներ», չդատարկել վաճառադարակները, քանի որ դրանք համալրվելու են սովորական ռեժիմով:

Երկուշաբթի երկրի կառավարությունը բնակչությանը արգելել էր ճանապարհորդել և կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրով մեկ կարանտին էր հայտարարել:

«Մենք բոլորս պետք է ինչ-որ բան զոհաբերենք հանուն Իտալիայի բարօրության և դա պետք է հենց հիմա անենք: Ահա թե ինչու որոշեցի ավելի վճռական և խիստ միջոցներ ձեռնարկել»,- հայտարարել էր Իտալիայի վարչապետը՝ հավելելով, որ Իտալիան «կշրջափակվի» բոլոր կողմերից:

Նրա խոսքով՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացվող արտակարգ միջոցառումների արդյունավետությունը պարզ կլինի միայն շաբաթներ անց:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 12 462 -ի, ընդ որում՝ նրանցից 560-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում