ԱՄՆ 24 նահանգում և մայրաքաղաք Վաշինգտոնում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

ԱՄՆ 24 նահանգում և մայրաքաղաք Վաշինգտոնում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Tert.am: ԱՄՆ 24 նահանգում և մայրաքաղաք Վաշինգտոնում կորոնավիրուսի տարածման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, հայտնում է CNN–ը։

Նշվում է, որ չորեքշաբթի արտակարգ իրավիճակի մասին հայտարարել է չորս նահանգ՝ Արիզոնան, Նյու Մեքսիկոն, Լուիզիանան, Արկանզասը, ինչպես նաև մայրաքաղաք Վաշինգտոնը, Կոլումբիայի շրջանը։

Ավելի վաղ արտակարգ դրության մասին հայտարարել են Միչիգան, Վերմոնտ, Հյուսիսային Կարոլինա, Մասաչուսեթս, Կոլորադո, Օհայո, Իլինոիսը, Ռոդ Այլենդ, Նյու Ջերսի, Օրեգոն, Նյու Յորք, Փենսիլվանիա, Կենտուկի, Ինդիանա, Մերիլենդ, Կալիֆոռնիա, Ֆլորիդա, Վաշինգտոն և Հավայի նահանգները:

Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ–ում գրանցվել է COVID-19–ով վարակման 1237 դեպք, մահացել է 37 մարդ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am–ը, նոր տեսակի կորոնավիրուսի տարածումն աշխարհում համավարակի բնույթ է ստացել:

«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»,- ասել է Գեբրեյեսուսը:

Համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում:

Մարտի 11-ի դրությամբ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքեր են արձանագրվել 114 երկրում, վարակակիրների թիվը կազմում է 118 000 մարդ, մահացել է 4373 մարդ:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում