«Ռուսաստանի առավելությունը ոչ թե նավթն ու գազն են, այլ Վլադիմիր Պուտինը». ՌԴ պետդումայի խոսնակ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Tert.am: ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ անդրադարձել է երկրի գործող նախագահին կրկին վերընտրվելու հնարավորություն տվող սահմանադրական փոփոխությունների թեմային: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահն այլ պետությունների կողմից ընկալվում է որպես խնդիրներն արդյունավետ լուծող մարդ մարդ, որն ունակ է զարգացնել Ռուսաստանը:
«Այսօր Պուտինը այլ պետությունների կողմից ընդունվում է որպես մարդ, որն արդյունավետ լուծում է խնդիրներն ու ունակ է մեր երկիրը ավելի ուժեղ դարձնել: Ինչպես տեսնում եք, նավթի ու գազի գները կարող է ընկնել: Մեր առավելությունը Պուտինն է, և մենք նրան պիտի պաշտպանենք»,- նշել է Պետդումայի խոսնակը:
Վոլոդինն ընդգծել է, որ մյուս պետությունները չեն ցանկանում Ռուսաստանին ուժեղ և հզոր տեսնել, ուստի՝ դեմ են Պուտինի՝ 2024թ. հետո պաշտոնավարման հավանականությանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՌԴ պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների մասին նախագահական օրենքը: Երկրի գործող սահմանադրությունը թույլ չի տալիս նախագահի պաշտոնավարման երկու անընդմեջ ժամկետից ավելի ժամկետ, սակայն համապատասխան սահմանադրական ուղղում անելուց հետո, գործող ղեկավարը կկարողանա կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում:
Նշենք, որ նման առաջարկով է հանդես եկել պատգամավոր Վալենտինա Տերեշկովան, որի դեմ սոցցանցերում քննադատության մեծ ալիք է բարձրացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում