Ավստրալիայի ներքին գործերի նախարարը վարակվել է կորոնավիրուսով

Ավստրալիայի ներքին գործերի նախարարը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Tert.amԱվստրալիայի ներքին գործերի նախարար Փիթեր Դաթոնը հայտարարել է իր մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայության մասին: Նա մանրամասնել է, որ բժիշկների պահանջով հոսպիտալացվել է: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

«Այսօր առավոտյան ես արթնացա բարձր ջերմությամբ և հիվանդ կոկորդով: Անհապաղ կապվեցի Քվինսլենդի առողջապահության նախարարության հետ և կորոնավիրուսի թեստ անցա: Կեսօրին առողջապահության նախարարությունն ինձ տեղեկացրեց, որ թեստը դրական պատասխան է տվել»,-հայտարարել է ավստրալացի նախարարը:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում