Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել Իդլիբի շուրջ

Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել Իդլիբի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Tert.amԹուրքիայի և Ռուսաստանի ռազմական պատվիրակությունները Իդլիբի դեէսկալացիայի գոտու շուրջ բանակցությունների արդյունքում ստորագրել են Սիրիայի շուրջ պայմանավորվածության տեքստը: Դրա իրականացման ճանապարհին առաջին քայլը կլինի մարտի 15-ին Մ4 մայրուղու վրա համատեղ պարեկությունը: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությանը հղումով։

Նրա խոսքով՝ Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայում իրենց գործողությունները կհամակարգեն համատեղ համակարգող կենտրոնների միջոցով:

Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ «Սիրիայի հյուսիս-արևմուտքից դրական հաղորդագրություններ են ստացվում հարկադիր վերաբնակների հոսքի դադարեցման և անգամ սիրիացիների՝ իրենց տները վերադառնալու մասին»:

«Թուրքիան հանդես է գալիս Իդլիբում երկարատև հրադադարի ապահովման օգտին և ձեռնարկել է այդ ուղղությամբ անհրաժեշտ բոլոր քայլերը։ Ռուսական կողմը կառուցողական դիրքորոշում ունի այս հարցում»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ իրավիճակն Իդլիբում սրվել է փետրվարի 27-ից ի վեր, երբ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրակ են բացել սիրիական կառավարական բանակի դիրքերի ուղղությամբ, որին հակահարված են տվել սիրիացի բանակայինները: ՌԴ ՊՆ տվյալներով՝ սիրիական բանակի կրակահերթի տակ են հայտնվել նաև թուրք զինծառայողները, որոնք այնտեղ չպետք է լինեին: Կատարվածի հետևանքով 36 թուրք զինվորական է մահացել:

Ռուսական կողմն այդ տեղեկությունն ստանալուն պես քայլեր է ձեռնարկել կրակի դադարեցման ուղղությամբ, իսկ ռուսական ավիացիան այդ շրջանում չի կիրառվել, ինչպես նշում են ռուսական գերատեսչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում