Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Times.am: Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Հարգելի հայրենակիցներ,
Ես, կորոնավիրուսի տարածման ռիսկի կապակցությամբ, պատկան մարմիններին կոչ եմ անում մոբիլիզացնել և միջոցներ ձեռնարկել մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:

1. Անհրաժեշտ է ուժեղացնել սահմանին գործող բժշկական հսկողության կետերը:
2. Ձեռնարկել միջոցառումներ հիվանդությունը կանխարգելելու ուղղությամբ:

Անվտանգությունն առաջին հերթին և ամենակարևորը կյանքի ու առողջության անվտանգությունն է:

Ես արդեն հանձնարարել եմ իմ նախընտրական շտաբների ղեկավարներին տարածել տեղեկատվական թերթիկներ՝ հիվանդության կանխարգելման միջոցառումների մասին: Հորդորում եմ մյուս թեկնածուներին միանալ այս գործընթացին։ Կանխարգելման միջոցառումների մասին կարող եք ծանոթանալ ԱՀԿ-ի պաշտոնական կայքից։

Այնուամենայնիվ, մենք բոլորս հասկանում ենք, որ ստեղծված իրավիճակը լավ հիմք է տարբեր շահարկումների համար:

Ընտրությունների արդյունքը գնալով դառնում է անկանխատեսելի։ Հայաստանի ղեկավարության համար անցանկալի թեկնածուի ընտրվելու հեռանկարը հիմք է տալիս դիմել մանիպուլյացիաների: Մեզ հասած տեղեկություններով կա ծրագիր՝ խուճապ սերմանել, կոչ անել դադարեցնել քարոզարշավը, իսկ այնուհետև ՝ հետաձգել ընտրությունները:

Արցախի իշխանություններին կոչ եմ անում լինել կայուն և սկզբունքային:
Մենք թույլ չենք տա մանիպուլացնել մեզ:
Մենք թույլ չենք տա չեղարկել ընտրությունները:

Սիրելի արցախցիներ,

Միայն ուժեղ կառավարությունը ի վիճակի է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ցանկացած տեսակի սպառնալիքների դեմ `լինի դա պատերազմ, հիվանդություն կամ այլ վտանգ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում