Սինձո Աբեն «աննախադեպ քայլեր» է խոստացել կորոնավիրուսի հետևանքով քայքայված տնտեսությունը վերականգնելու համար

Սինձո Աբեն «աննախադեպ քայլեր» է խոստացել կորոնավիրուսի հետևանքով քայքայված տնտեսությունը վերականգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Tert.am: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն «աննախադեպ քայլեր» է խոստացել կորոնավիրուսի հետևանքով քայքայված տնտեսությունը վերականգնելու համար, գրում է Reuters-ը:

Ճապոնիան կձգտի գլխավորել աշխարհի խոշորագույն երկրների միջև համագործակցությունը՝ գլոբալ տնտեսությունը վերականգնելու նպատակով, հայտարարել է վարչապետ Սինձո Աբեն:

Նրա խոսքով՝ Ճապոնիան կքննարկի մի շարք տարբերակներ, ներառյալ՝ իշխող կուսակցության օրենսդիրների առաջարկը՝ ժամանակավորապես նվազեցնել երկրում հարկի դրույքաչափը՝ տնտեսությանը աջակցելու համար:

«Մոտ ապագայում մենք կենտրոնանալու ենք վիրուսի զսպման վրա։ Դրանից հետո մենք պետք է Ճապոնիայի տնտեսությունը վերադարձնենք ամուր հիմքերի վրա։ Մենք համարձակ, աննախադեպ քայլեր կձեռնարկենք այդ նպատակին հասնելու համար»,– ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակակիրների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 931-ի, մահվան դեպքերը 5440 են: Հայաստանում հաստատվել է վարակի 18 դեպք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում