Թրամփը կորոնավիրուսի ստուգում է անցել

Թրամփը կորոնավիրուսի ստուգում է անցել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի հայտնաբերման հետազոտություն է անցել: Ինչպես փոխանցում է CNN-ը, Թրամփն ասուլիսի ժամանակ նշել է, որ թեստը հանձնել է ուրբաթ գիշեր:

Ամերիկացի առաջնորդը հայտնել է, որ դեռ տեղեկություն չունի հետազոտության արդյունքներից, և որ ստուգումը, սովորաբար, 1-2 օր է տևում:

Սպիտակ տանը ասուլիսի մեկնարկից առաջ Թրամփը հայտնել է, որ մարմնի ջերմությունն էլ է չափել և պատասխանելով լրագրողների հարցին՝ ասել է, որ այն նորմալ է:

Նշվում է, որ Թրամփի վարչակազմը կարող է ընդլայնել եվրոպական երկրների հետ ճանապարհորդության արգելքը՝ Միացյալ Թագավորությանն այդ ցանկում ներառելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր եվրոպական երկրների հետ հաղորդակցությունը դադարեցնելու մասին՝ բացառությամբ Մեծ Բրիտանիայի:

Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի գիտական կենտրոնի վերջին տվյալների՝ ողջ աշխարհում կորոնավիրոսի վարակակիրների թիվը գերազանցել է 150 000-ը, մահացել է 5614 մարդ, ապաքինվել է 72 060-ը: Վիրուսը տարածվել է ավելի քան 140 երկրում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում