Իրանում կորոնավիրուսից մեկ օրում մահացածների թիվն առաջին անգամ գերազանցել է 100-ը

Իրանում կորոնավիրուսից մեկ օրում մահացածների թիվն առաջին անգամ գերազանցել է 100-ը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Tert.am: Իրանում կորոնավիրուսից 113 մարդ է մահացել մեկ օրում: Հիվանդության հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 724-ի, վարակակիր է 13 938 մարդ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս տվյալները հաղորդել է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն: Նշվում է, որ երկրում մեկ օրում կորոնավիրուսից մահացածների թիվն առաջին անգամ գերազանցել է 100-ը:

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ նախորդ օրվա կեսից մինչև այսօր վարակման 1209 նոր դեպք է արձանագրվել: Ներկա պահին առողջացել է 4590 մարդ:

Ջոն Հոփքինսի համալսարանի գիտական կենտրոնի տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 156 000-ի, մահացածներինը՝ 5833-ի, ապաքինվել է 73 968 մարդ:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Հիվանդությունը տարածվել է ավելի քան 140 երկրում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը կորոնավիրուսի պատճառով երկրի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը հետաձգել է մինչև սեպտեմբեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում