Վրաստանը փակում է Ռուսաստանի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառով

Վրաստանը փակում է Ռուսաստանի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Tert.am: Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով մարտի 16-ից ճանապարհորդների համար փակել սահմանը Ռուսաստանի հետ:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի կառավարության մամլո ծառայությանը, այս որոշումը կայացվել է Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի հեռախոսազրույցի արդյունքում:

«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգավորությունը՝ դիտարկվել է Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքացիների տեղաշարժի ժամանակավոր դադարեցման հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպքի հայտնաբերման մասին, հիվանդների ընդհանուր թիվը հասել է 63-ի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի տարածման համավարակ է հայտարարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում