Պետնախարար. Կորոնավիրուսով վարակման դեպք Արցախում չի արձանագրվել

Պետնախարար. Կորոնավիրուսով վարակման դեպք Արցախում չի արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Times.amԱրցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի և կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ հանդես է եկել մամուլի ասուլիսով:

Պետական նախարարը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակման դեպք Արցախում չի արձանագրվել: Հանձաժողովը շարունակում է կանխարգելման ուղղությամբ համալիր միջոցառումները: Մասնավորապես, կասեցվել է արտասահմանյան զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը, ներքաղաքային տրանսպորտը ախտահարվում է օրական երկու անգամ, շահագրգիռ գերատեսչություններն էլ շարունակում են մշտական կապի մեջ մնալ ՀՀ-յան գործընկերների հետ:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, Գ.Մարտիրոսյանն անդրադարձել է հանրապետության տարածքում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում ԱՀ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումներին:

Հանձնարարվել է սույն թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ը, ելնելով ծանրաբեռնվածության աստիճանից, սահմանափակել պետական կառավարման համակարգի և նրանց ենթակայության տակ գտնվող հաստատությունների աշխատակիցների մի մասի աշխատանքի ներկայանալը՝ դիտարկելով աշխատանքային պարտականությունները հեռահար եղանակով կազմակերպելու տարբերակը: Խոսքը վերաբերում է հատկապես նախադպրոցական, դպրոցական տարիքի և հատուկ խնամք պահանջող երեխա ունեցող, 60 և ավելի տարիքի, ինչպես նաև առողջական խնդիրներով՝ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններով աշխատակիցներին:

Հանրապետության տարածքում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման և համաճարակային վիճակի կայուն պահպանման նպատակով պետական նախարարը կոչ է արել դադարեցնել բազմամարդ հավաքները, սպորտային պարապմունքները և մշակութային միջոցառումները, անորոշ ժամանակով հետաձգել տոնական միջոցառումները, իսկ սգո արարողությունները կազմակերպել ոչ մարդաշատ:

Առողջապահության նախարարի տեղեկացմամբ, ավելի վաղ իրականացված համալիր միջոցառումների շրջանակներում՝ բոլոր բժշկական հիմնարկները համալրվել են անհրաժեշտ բժշկական պարագաներով և նյութերով: Հանրապետության բոլոր շրջաններում և մայրաքաղաքում կահավորված են համապատասխան մեկուսարանները:

Կրթության, գիտության և սպորտի նախարարի հավաստմամբ, կրթական բոլոր հիմնարկների աշխատանքը կասեցված է մեկ շաբաթով, կապված համաճարակային իրավիճակի հետ՝ այն կերկարաձգվի անհրաժեշտության դեպքում: Քննարկումներ են իրականացվում կրթական և ոլորտային գործունեության շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:

Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը իրականացվող աշխատանքների արդյունավետության հարցում ընդգծել է նաև ԶԼՄ –ների դերը՝ համակողմանի և անաչառ լուսաբանման առումով:

Գ.Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել նաև բուժանձնակազմին՝ այսօրերին ծանրաբեռնված աշխատանքի և բարձր պատասխանատվության համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում