Փաշինյանը՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին (տեսանյութ)

Փաշինյանը՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Tert.amԿորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում այս պահի դրությամբ ամենամտահոգողը երեկ ախտորոշված երեք դեպքերն են, որոնք արձանագրվել են Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում: Այնտեղ բավականին մեծ թվով մարդիկ են աշխատում: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքացիների շփման շրջանակը պարզման փուլում է, և նրանք կմեկուսացվեն: Կարծես թե կարողացել ենք գծանշել շփման շրջանակը, բայց այս դեպքերում երբեք չես կարող 100 տոկոսով համոզված լինել, և նաև սա է պատճառը, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացվեց»,- ասաց նա՝ նշելով, թե այս պահի դրությամբ կա 30 հաստատված դեպք, իսկ բուժված քաղաքացին 14 օր մնացել է մեկուսացված, որևէ բուժում չի ընդունել:

Վարչապետը նշեց, թե մի քանի օր ուսումնասիրել են «Արտակարգ իրավիճակներում բնակչությանը աջակցություն ցույց տալու մասին» ՀՀ օրենքը, և ակնհայտ է դարձել, որ այդ օրենքը բացարձակապես չի նախատեսել համաճարակային իրավիճակները:

«Դրանում նախատեսված է արտաքին ազդեցության պարագան, երբ տեղի է ունեցել տեխնածին, բնական աղետ, մարդկանց կյանքը պետք է կազմակերպել: Այն պարագայում, երբ մարդու համար վտանգը բխում է ուրիշ մարդուց և նրա վարքագծից, այդ դեպքերը կանոնակարգված չեն: Մենք վերջին 20 օրում ականատես ենք լինում դեպքերի, երբ մեր հայրենակիցները միշտ չէ, որ հետևում են Առողջապահության նախարարության և Կառավարության առաջարկած վարքագծային կանոններին՝ ապահովելու ինչպես իրենց, այնպես էլ իրենց միջավայրի անվտանգությունը»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, թե շատ դեպքերում իրադարձությունները կարող են զարգանալ այնպես, որ անհրաժեշտ լինի հարկադրանքի միջոցներ ձեռնարկել, իսկ այդպիսի միջոցներ, որոնք ենթադրում են քաղաքացիների իրավունքների որոշակի սահմանափակմամբ, ՀՀ սահմանադրությամբ հնարավոր է կիրառել միայն հանրային առողջությունը պահպանելու պարագայում, իսկ անձնական ազատությունների որոշակի սահամանփակում հնարավոր է միայն արտակարգ դրության պայմաններում:

Փաշինյանը հայտարարեց նաև, որ արտակարգ դրությամբ նախատեսված միջոցառումները ապահովելու համար ստեղծվել է պարետատուն, որը կղեկավարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Վարչապետը հղում արեց ԱՀԿ տվյալներին, համաձայն որոնց՝ վարակը վտանգավոր է 70+ տարիքի անձանց համար, և մահացության դեպքերը հիմնականում լինում են հենց այդ տարիքի մարդկանց դեպքում:

«Այս պահի դրությամբ մենք 60-ից բարձր տարիքային խմբի 3 պացիենտ ունեք, որոնցից միայն մեկն է թոքաբորբ տանում, մյուս 2-ը սովորական ռեժիմով են տանում վարակը, և այս պահի դրությամբ իրավիճակը կարելի է համարել կառավարելի»,- ասաց նա:

Փաշինյանը հայտնեց, որ Առողջապահության նախարարի խոսքով համաճարակավտանգ համարվող երկրներից եկողներն ու այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք վերջին 14 օրում գտնվել են համաճարակավտանգ երկրներում, չեն կարող մուտք գործել ՀՀ:

«Ցամաքային երկու սահմաններում կարգելվի ուղևորահոսքը և՛ ՀՀ, և՛ օտարերկրյա քաղաքացիների համար: Օդային ճանապարհով ելքը չի արգելվի: Բեռնափոխադրումները լիարժեք կիրականացվեն, ինչքան հնարավոր է այս պայմաններում»,- ասաց Գործադիր մարմնի ղեկավարը:

Անդրադառնալով պարենի պաշարներին՝ վարչապետն ասաց, թե դրանց բավարար պաշարներ կան, առաջիկա մեկ ամսվա ընթացքում պարենային դեֆիցիտ չի առաջանա:

Նա նշեց, թե խիստ սահմանափակումներ կլինեն ԶԼՄ-ների համար՝ կորոնավիրուսի վերաբերյալ հրապարակումների դեպքում:

Այսօրվա նիստից հետո կոնկրետ միջոցառումներ կձեռնարկվեն, որից հետո Կառավարությունն ուղերձով կդիմի քաղաքացիներին, որտեղ կներկայացնի արտակարգ դրության մասին ամբողջական տեղեկատվություն:

«Այն, որ արտակարգ դրություն է նշանակվել երկրում, նշանակում է, որ մենք ունենք ճգնաժամ, բայց ես ուզում եմ ասել, որ մեր ռազմավարական մոտեցումն այն է, որ այս ճգնաժամից պետք է դուրս գանք ավելի ուժեղացած»,– հայտարարեց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում