ՀՀ քաղաքացին խանութից կարող է գնել ինչ ուզում է, ինչքան ուզում է, և ես համոզված եմ, որ այդ ապրանքը չի վերջանա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ քաղաքացին խանութից կարող է գնել ինչ ուզում է, ինչքան ուզում է, և ես համոզված եմ, որ այդ ապրանքը չի վերջանա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Tert.amԱյսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, որ նոր կորոնավիրուսի Հայաստան հասնելու պահից սկսած և արտակարգ իրավիճակ հայտարարելուց սկսած՝ հանրային սննդի վաճառքի կետերում խուճապ է։ Մարդիկ հնարավորինս մեծածավալ գնումներ են կատարում, և ըստ պատգամավորի՝ այստեղ մեծ խնդիրներ կան:

«Սուպերմարկետներում և խանութներում կուտակումներ կան, որը հիվանդության առկայության դեպքում չի խրախուսվում, երկրորդ խնդիրն այն է, որ մեծածավալ գնումները ապրանքի պահպանման առումով այլ խնդիրներ կարող են առաջացնել, և բնականաբար, սննդային անվտանգության խնդիրներ կարող են առաջանալ, և երրորդը՝ այս մեծածավալ գնումները կարող են ստեղծել պարենային անվտանգության խնդիր Հայաստանում»,- նկատեց Սամսոնյանը և հիշեցրեց, որ արտակարգ դրության ժամանակ պարետը պետք է կարողանա սահմանափակել առաջնային սննդամթերքի և առաջնային պարենային ապրանքների շրջանառությունը և ծավալները:

Ի պատասխան պատգամավորի հարցին, թե արդյոք միջոցներ են ձեռնարկվում այս հարցերի ուղղությամբ՝ վարչապետը պատասխանեց. «Տիկին Սամսոնյան, ես հազար անգամ ներողություն եմ խնդրում Ձեզնից, բայց այսօր արդեն չորս անգամ անդրադարձա այդ թեմային: Դուք հիմա աժիոտաժ եք նկարագրում, ես այս ընթացքում գրեցի ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարող անձին, որովհետև այստեղ գալուց առաջ՝ ես գիտեի, որ աժիոտաժ չկար, երբ դուք սկսեցիք նկարագրել, թե խանութներում ինչ է կատարվում՝ մտածեցի, որ ինչ-որ բան է փոխվել, բայց ինձ գրեցին, ասացին, որևէ փոփոխություն չկա»:

Դահլիճից առարկություններ լսվեցին, թե իսկապես աժիոտաժ կա խանութներում, Փաշինյանը պատասխանեց. «ՀՀ քաղաքացիները խանութից կարող են գնել այն ամենը, ինչ ուզում են, այնքան, ինչքան ուզում են, և ես համոզված եմ, որ այդ ապրանքը չի վերջանա: Ինձ թվում է հարցը կկարգավորվի, ինձ ասել են, որ ապրանքները չեն սպառվի, հիմա կարող է ինչ-որ ապրանքի պակաս նկատվի, բայց այդ ապրանքը պահեստում կա: Այս պահի դրությամբ՝ Ձեր նշած միջոցառումները ձեռնարկելու կարիքը ես չեմ տեսնում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում