Պարետի ցուցումով ցանկացած տարածքում կարող են սահմանվել ելումուտի սահմանափակումներ

Պարետի ցուցումով ցանկացած տարածքում կարող են սահմանվել ելումուտի սահմանափակումներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, Tert.amԱրտակարգ դրության ընթացքում, հանրային միջոցառումների կազմակերպման ռեժիմն ապահովում է Ոստիկանությունը. վարչական պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, որոնք խախտմամբ կազմակերպել են հանրային միջոցառումներ և դրանց ներկա են գտնվել 20 և ավելի անձինք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Վերջինիս խոսքով՝ արտակարգ դրությումբ պայմանավորված սահմանափակված իրավունքները և ազատությունները կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին խմբի սահմանափակումները Կառավարության որոշման հիման վրա գործում են, երկրորդ խմբի սահամանփակումներ կգործեն, եթե լինի պարետի կոնկրետ ցուցում:

«Առաջին խմբի սահմանափակումներից են պարետի կողմից սահմանված ցանկի պետություններից ՀՀ մուտք գործելը՝ բացառությամբ դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք ՀՀ մուտք գործելուն պես՝ զննում կանցնեն:

Հայաստան թույլատրվում է ՀՀ բոլոր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների մուտքը՝ անկախ վերջիններիս քաղաքացիությունից: ՀՀ քաղաքացիների՝ ցամաքային անցակետերով ելքը նույնպես արգելվում է, բացառությամբ՝ բեռնափոխադրում իրականացնող անձանց»,- ներկայացրեց փոխնախարարը:

Անդրադառնալով ԶԼՄ-ների սահմանափակումներին՝ փոխնախարարը նշեց, թե դրանք վերաբերում են կորոնավիրուսի մասին հրապարակումներին: «ԶԼՄ-ները պետք է հաղորդեն միայն պաշտոնական տեղեկատվություն, որը ներկայացնում է պարետատունը: Այս իրավական ռեժիմը չպահպանելու դեպքում՝ Վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքով առկա է պատասխանտվություն ԶԼՄ-ների համար: Սահմանափակումը վերաբերում է նաև այլ անձանց հրապարակումների՝ ԶԼՄ-ում վերատպմանը. օրինակ՝ եթե անձը նշի, թե պարենի խնդիր ունեն, այն չի կարող հրապարակվել, քանի որ կարող է խուճապ առաջացնել»,– ասաց Դանիելյանը՝ նշելով նաև, թե այդ պահանջը վերաբերում է նաև քաղաքացիներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ սոցցանցերում կատարվող հրապարակումներին:

Փոխնախարարը նշեց, թե արտակարգ դրության սահմանումից գրեթե մեկ օր անց ահազանգեր ստացվել են ԶԼՄ-ների կողմից առանձին հրապարակումների վերաբերյալ:

Հարցին՝ կա՞ն դեպքեր, երբ որևէ մեկը պատասխանատվության է ենթարկվել՝ վարակակիր անձի անձնական տվյալները հրապարակելու համար, փոխնախարարը պատասխանեց, թե հրապարակված տեղեկատվության մոնիտորինգ է արվում, այն ուղարկվում է ՀՀ ոստիկանություն: «Ես տեղյակ եմ, որ ոստիկանությանը պարբերաբար նման տեղեկատվություն ներկայացվում է, բայց կոնկրետ քաղաքացիների հետ կապված ներկայացվել է, թե՞ ոչ, չեմ կարող ասել, բայց ԶԼՄ-ների առանձին հաղորդումների հետ կապված ներկայացվել է»,– ասաց նա:

Անդարադառնալով երկրորդ խմբի սահմանափակումներին՝ Դանիելյանն ասաց, թե պարետի ցուցումով, օրինակ, կարող են տվյալ համայնքի տարածքում սահմանվել մուտք գործելու և դուրս գալու սահմանափակումներ՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման դեպքերը:

Նա նշեց, թե այս պահին ռեստորանների համար սահմանափակում չկա, բայց պարետի ցուցմամբ հանրային սննդի օբյեկտների գործունեությունը կարող է սահմանափակվել:

Հարցին՝ հարևան Իրանի օրինակով հնարավո՞ր է՝ ազատ արձակվեն դատապարտյալներ՝ ՔԿՀ-ներում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար, Արդարադատության փոխնախարարն ասաց, թե նման հարց չի քննարկում, բայց սահմանափակվել են տեսակցություններն ու հանձնուքների փոխանցումը:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Կառավարության առաջարկով և ԱԺ-ի հաստատմամբ՝ մարտի 16-ից ապրիլի 14-ը ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում