Պարոն տհասը այդպես էլ չհասկացավ ու չգիտակցեց արտակարգ դրության իմաստն ու բովանդակությունը. Միհրան Հակոբյան

Պարոն տհասը  այդպես էլ չհասկացավ ու չգիտակցեց արտակարգ դրության իմաստն ու բովանդակությունը. Միհրան Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, FacebookԱրսեն Թորոսոյանը, նույն ինքը` պարոն տհասը, այսինքն` լավ չհասկացողը, այդպես էլ չհասկացավ ու չգիտակցեց արտակարգ դրության իմաստն ու բովանդակությունը: Այդպես էլ չհասկացավ, որ դատական ատյաններում պարտություն կրելուց հետո արտակարգ դրության պայմաններում մահացու վտանգ ներկայացնող համաճարակի դեմ «պայքարող» նախարարն իրավունք չունի լայվ ձևաչափով վնգստալ ու դատական համակարգին գնահատականներ տալ:

Նա այդպես էլ չհասկացավ, որ չի կարելի չվստահել դատական համակարգին, բայց վստահել քննչական մարմիններին, որովհետև իրավապահ համակարգը մեկ միասնական ամբողջություն է` ոստիկանից մինչև բանտապահ:

Պարոն տհասն այդպես էլ չհասկացավ, որ գոնե հիմա պետք է տնաքանդ պոպուլիզմը դադարեցնել ու անցնել գործի, որ հնարավոր լինի կյանքեր փրկել:

Պարոն տհասը չհասկացավ… Երևի չէր էլ կարող հասկանալ, որովհետև եթե հասկանալու ունակություն ունենար, ապա իր իսկ հանցավոր անգործության ու մասնագիտական գոռոզության հետևանքով համաճարակը Հայաստանում այս չափերի չէր հասնի, միգուցե և արտակարգ դրության կարիք էլ չզգացվեր:

Նա հիմա էլ չի հասկանում, որ շատ մոտ է ժամանակը, երբ քննչական մարմիններում ինքն անձամբ է ստիպված լինելու պատասխանել ոչ միայն առողջապահության ոլորտում առկա ֆինանսական ահռելի չարաշահումների, այլև իր հանցավոր անգործության ու փնթի գնահատականների հետևանքով մահացու համաճարակի առջև երկրի դռները բացելու համար:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում