«Փաստ»․ Մերձավոր Արևելքում շարունակում են տեղի ունենալ ակտիվ աշխարհաքաղաքական տեղաշարժեր

«Փաստ»․ Մերձավոր Արևելքում շարունակում են տեղի ունենալ ակտիվ աշխարհաքաղաքական տեղաշարժեր

«Մերձավոր Արևելքում շարունակում են տեղի ունենալ ակտիվ աշխարհաքաղաքական տեղաշարժեր։ Այս տարածաշրջանում են բախվում բազմաթիվ երկրների, այդ թվում՝ գերտերությունների շահերը, որոնք կոնֆլիկտների ի հայտ գալու և շատ հաճախ նաև ռազմական բախումների պատճառ են դառնում։

Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը կարող ենք ներկայացնել որպես նշվածի վառ օրինակ։ Սիրիայի հարցում հակասությունները նորանոր դրսևորումներ են ստանում այնպիսի երկրների միջև, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ն։ Իսկ վերջին լարվածությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև առավել սրվեց Իդլիբում ընթացող իրադարձությունների շուրջ։

Թուրքիան սատարում է Սիրիայի ընդդիմադիր ուժերին, որոնք կռվում են կառավարական ուժերի դեմ, իսկ Ռուսաստանը աջակցում է նախագահ Ասադին՝ ընդդեմ ընդդիմադիր զինված խմբավորումների։ Ճիշտ է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վեց ժամ բանակցելուց հետո համաձայնության եկան Սիրիայի Իդլիբ շրջանում հրադադարի ռեժիմ սահմանելու հարցում, սակայն իրավիճակը շատ փխրուն է, և ամեն պահի նոր սրացում կարող է սկսվել:

Այս իրադարձություններին զուգահեռ՝ Թուրքիան ԵՄ-ին սպառնում է նոր միգրացիոն ճգնաժամով։ Խնդիրն այն է, որ Թուրքիան բացել է Եվրոպայի հետ (թուրք-հունական ու թուրք-բուլղարական) սահմանը՝ թույլ տալով, որ իր տարածքում ապաստան գտած սիրիացի փախստականները կարողանան անցնել Եվրոպա: Այս հանգամանքը լրացուցիչ լարվածություն է հաղորդել ԵՄ-Թուրքիա հարաբերություններին։

Թուրքիայի հաշվարկը պարզ է՝ նախագահ Էրդողանին չի բավարարում ԵՄ-ի հատկացրած ֆինանսական օգնությունը, որպեսզի Թուրքիան իր տարածքում պահի փախստականներին, և վերջինս ցանկանում է Եվրոպայից լրացուցիչ ֆինանսական աջակցություն ստանալ։

Այս համատեքստում պետք է հաշվի առնել, որ Հայաստանն ընդունել է և շարունակելու է ընդունել բազմաթիվ սիրիահայերի։ Ուստի հարկ է, որ մեր երկիրը ևս տարբեր միջազգային հարթակներում բարձրացնի այս խնդրով պայմանավորված ֆինանսական աջակցություն ստանալու հարցը։
Ուշագրավ է, որ բարդ իրավիճակ է ստեղծվել նաև Սիրիայի հարևան Լիբանանում։ Դեռևս անցած տարվա վերջին Լիբանանում տնտեսական իրավիճակի բարդացմանը զուգահեռ զանգվածային ցույցեր և հանրահավաքներ տեղի ունեցան, որոնք հանգեցրեցին անգամ կառավարության հրաժարականին, սակայն սրանով առկա խնդիրները չլուծվեցին։

Եվ օրեր առաջ Արևելքի մարգարիտը համարվող Լիբանանը երկրի պատմության մեջ առաջին անգամ հայտարարեց դեֆոլտի մասին։ Վարչապետ Հասան Դիաբը տեսաուղերձում տեղեկացրեց, որ երկիրն ի վիճակի չէ սպասարկել 1,2 միլիարդ դոլարի եվրապարտատոմսերը: Լիբանանի պարտքը հասել է 90 միլիարդ դոլարի կամ ՀՆԱ-ի 170 տոկոսին։ Եվ որոշ փորձագետներ այն կարծիքին են, որ ստեղծված իրավիճակը Լիբանանի տնտեսության չափազանց դոլարայնացման և անարդյունավետ կառավարման արդյունքում է ստեղծվել։

Ըստ էության, նման իրադրությունը Լիբանանում հանգեցրել է սոցիալ-տնտեսական ծանր վիճակի։ Իսկ այս խնդիրը պետք է մեծապես հուզի նաև Հայաստանին, քանի որ Լիբանանում հայերը կազմում են բավական մեծաթիվ և ազդեցիկ համայնք։ Եվ ստեղծված ճգնաժամային պայմաններում բազմաթիվ հայեր հնարավոր է ցանկություն հայտնեն վերադառնալ հայրենիք, իսկ Հայաստանը պետք է միջոցներ ձեռնարկի նրանց համապատասխան աջակցություն տրամադրելու հարցում։

Սակայն Հայաստանի տրամադրած աջակցությունը Լիբանանի և Սիրիայի համայնքներին չպետք է սահմանափակվի միայն ներգաղթյալներին տրամադրված օգնությամբ, կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի այդ երկրների հայ համայնքը շարունակի մնալ ամուր հիմքերի վրա և չկազմալուծվի, քանի որ տարածաշրջանի երկրներում հայերի առկայությունը մեզ համար կենսական նշանակություն ունի»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում