«Փաստ»․ ԱԺ-ն լուրջ լիազորություններ է ստացել, սակայն փաստացի խորհրդարանի դերը երկրորդական նշանակություն է ստացել

«Փաստ»․ ԱԺ-ն լուրջ լիազորություններ է ստացել, սակայն փաստացի խորհրդարանի դերը երկրորդական նշանակություն է ստացել

«Խորհրդարանական կառավարման համակարգին անցած Հայաստանի քաղաքական կյանքում առաջնային դերակատարությունը պետք է ստանձներ խորհրդարանը։ Այն ենթադրում է, որ երկրի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերը պետք է դառնան ԱԺ-ի քննարկման առարկա։ Սակայն քննարկման հանգամանքը դեռ քիչ է։ Այնտեղ պետք է ծավալվեն հիմնական քաղաքական բանավեճերը և ընդունվեն հասարակության համար օպտիմալ և արդյունավետ որոշումները։

Խորհրդարանական կառավարման համակարգի առավելություններից է այն, որ կարևորագույն որոշումներ ընդունելու ժամանակ խորհրդարանում առկա բոլոր քաղաքական ուժերին մասնակցության հնարավորություն է տրվում, այսինքն` նույնիսկ նվազագույն քվե ստացած և երկրի բնակչության փոքր հատվածը ներկայացնող քաղաքական ուժերը նույնպես հնարավորություն են ունենում մասնակցելու երկրի համար կարևորագույն որոշումներ ընդունելու գործընթացին:

Բացի այդ, խորհրդարանական հանրապետության դեպքում երկրի համար կարևորագույն որոշումներ ընդունելու գործընթացն ավելի ծավալուն և մանրակրկիտ է լինում, քանի որ այս դեպքում ընդունվելիք որոշումների վերաբերյալ իրենց կարծիքներն են արտահայտում տարբեր քաղաքական ուժեր, և տարաբնույթ մոտեցումների արդյունքում ընդունվում է առավել նպատակահարմար որոշում:

Բայց հարց է, թե արդյոք Հայաստանում ներկայիս ԱԺ-ն ունի՞ այն դերակատարությունը, ինչպիսին պետք է ունենա խորհրդարանական հանրապետության օրենսդիր մարմինը։ Օրենսդրական առումով մեր երկրում խորհրդարանը լուրջ լիազորություններ է ստացել, սակայն փաստացի պառլամենտի դերը արդի պայմաններում երկրորդական նշանակություն է ստացել։

Նախ՝ դա պայմանավորված է նրանով, որ խորհրդարանը քաղաքական մեծամասնության տեսակետից լիովին չի արտահայտում հանրության շրջանում առկա տրամադրությունները, քանի որ այն ըստ էության ձևավորվել է էյֆորիայի պայմաններում, իսկ ներկայումս ներքաղաքական էյֆորիան արդեն անցյալում է։ Իսկ երբ Ազգային ժողովը չի արտացոլում հանրության տրամադրությունները, ապա փոքրանում են նաև հանրության ակնկալիքները օրենսդիր մարմնից։

Դրանով է պայմանավորված, որ քաղաքացիները իրենց հարցերի ու խնդիրների լուծումը կապում են գլխավորապես կառավարության և վարչապետի հետ՝ թեկուզ դրանց համար անհրաժեշտ լինի օրենսդրական մեխանիզմների կիրառում, որի հարցում ԱԺ-ն ունի առաջնային մանդատ։

Էլ չենք խոսում, որ ԱԺ-ի դոմինանտ ուժի մեծամասնությունը չունի քաղաքական ուղեգիծ. այստեղ շատ են իրենց դիրքին բացարձակ անհամապատասխան անձինք և հանրությանը անհայտ գործիչներ, որոնք վարչապետ Փաշինյանի վարկանիշի ազդեցության ներքո դարձել են պատգամավորներ։ Հիմա այսպիսի պայմաններում խորհրդարանը ինչպե՞ս կարող է առաջնային դերակատարություն ունենալ երկրի ներքաղաքական կյանքում։ Դրա համար էլ շատ հաճախ խոսք է գնում, թե Հայաստանում հաստատվել է սուպերվարչապետական համակարգ։

Իսկ խորհրդարանականների մասնագիտական ու քաղաքական որակների հարցը լիովին առանձին թեմա է։

Այսպես, օրինակ՝ խորհրդարանում արտահերթ նիստի ձևաչափով քննարկվում էր ամբողջ հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու կառավարության որոշումը: Թվում էր, թե խորհրդարանում ծանրակշիռ կարծիքներ կհնչեն, կբարձրաձայնվեն բնակչության համար ամենահրատապ նշանակություն ունեցող խնդիրներին վերաբերող հարցեր։

Բայց քննարկումը տևեց մոտ 5 ժամից ավելի, իսկ խորհրդարանականները մեկը մյուսի հետևից բարձրացնում էին գրեթե նույն թեմաները։ Ավելին, իշխող ուժի պատգամավորները երբեմն այնպիսի հարցեր էին բարձրացնում, որ նույնիսկ վարչապետն էր հազիվ զսպում զայրույթը: Տպավորություն էր, որ ժամկետի սղության պատճառով ուղղակի հանձնարարվել էր անդրադառնալ որոշակի թեմաների շարքի, ու սկսվել էր իսկական քաոս: Այսպիսի իրավիճակն է նաև պատճառը, որ հանրության համար ԱԺ-ի նիստերը կորցրել են իրենց հետաքրքրությունը։

Բացի այդ, իրենց ծամծմված հարցերով պատգամավորները երկար ժամանակ ամբիոնի մոտ էին պահում վարչապետին ու կառավարության անդամներին, որոնց համար ստեղծված արտակարգ իրավիճակում յուրաքանչյուր րոպեն նշանակություն ունի, քանի որ նախատեսվում է օպերատիվ իրավիճակի հսկողություն և համապատասխան հրահանգավորման իրականացում։

Պատահական չէ, որ օգտատերերն արդեն կատակում էին, թե «հատուկ նիստն այնքան երկար է տևելու, որ արտակարգ դրության ժամկետը լրանա»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում