Արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ ԶԼՄ-ների մասով ունենք իրավական անորոշություն. Արա Ղազարյան

Արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ ԶԼՄ-ների մասով ունենք իրավական անորոշություն. Արա Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, Pastinfo.am: Արտակարգ դրության մասին որոշման ԶԼՄ-ների մասով դրույթը չի կարող մանրամասն լինել, քանի որ փորձում են կարգավորել չափազանց լայն ոլորտ: Pastinfo.am-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը: Նրա կարծիքով այստեղ կա իրավական անորոշություն և չէր էլ կարող չլինել, քանի որ, մասնագետի խոսքով, նման որոշումների մեջ հնարավոր չէ մանրամասն սահմանել բոլոր սկզբունքները, այսինքն՝ դա թողնում են կիրառողի վրա:

«Դա կոնկրետ իրավիճակից ելնելով կարելի է որոշել` հաշվի առնելով անպայման լրագրողական ազատությունը, որովհետև հարցը հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմայի վերաբերյալ է»,- ասաց Արա Ղազարյանը:

Վերջինս նկատեց` որպես խախտում վարչական տույժ է սահմանված 500-800 հազ. դրամը, ինչը փաստաբանի կարծիքով անհանգստացնող է. «Այսինքն՝ մենք ունենք իրավական անորոշություն և ունենք բավականին խիստ վարչական տույժ: Ուրեմն պետք է տեսնենք, թե կոնկրետ կիրառությունն ինչպես է լինելու: Նա, ով վարչական ակտ պետք է կայացնի, պետք է պատճառաբանի դա` հաշվի առնելով լրագրողական ազատությունը»,- ասաց Արա Ղազարյանը:

Հարցին` այդ դեպքում ինչպես կարող ենք հասկանալ, թե որ տեղեկատվությունն է խուճապ առաջացնող և որը` ոչ, արդյոք տնտեսական նյութը, որն անդրադառնում է կորոնավիրուսի պատճառով տնտեսության վրա հավանական ազդեցությանը խուճապ է առաջացնում, Արա Ղազարյանը բացասական պատասխան տվեց` ընդգծելով, որ դա հանրային նշանակության ինֆորմացիայի տրամադրում է, ինչը հնարավոր է պետական մարմինը չունի։

«Հնարավոր է՝ պաշտոնապես հաստատվել է 84 դեպք, լրատվամիջոցն ասում է իմ աղբյուրների համաձայն 86 է, բայց միևնույն ժամանակ հղում է կատարում պաշտոնական աղբյուրին` ասելով, որ պաշտոնական աղբյուրներն ասում են 84: Նման լրատվությունը բալանսավորված է գնում, և այդ լրատվության համար չպետք է պատասխանատվության ենթարկել զուտ նրա համար, որ հրապարակվել է պաշտոնական տեսակետից տարբերվող ինֆորմացիա: Կարևորն այն է, որ արվել է բալանսավորված, հավասարակշռված, լրագրողական էթիկայի նորմերի պահպանմամբ, պատասխանատու լրատվության սկզբունքների պահպանմամբ:

Հակառակ դեպքում լրատվամիջոցների աշխատանքը կորցնում է իրենց իմաստը»,– ընդգծեց Արա Ղազարյանը:

Դիտարկմանը` ինչպես են գնահատելու` որն է խուճապ առաջացնող տեղեկատվություն և որը` ոչ, Արա Ղազարյանը նկատեց` այս նորմով հնարավոր չէ գնահատել: Կոնկրետ իրավիճակով կա՛մ վարչական մարմինը պետք է գնահատի` հաշվի առնելով լրագրողական ազատությունը, կա՛մ էլ դատարանը, եթե գործը, իհարկե, դատարան մտնի: Ընդ որում` որոշում կայացնելիս վարչական մարմինը պետք է հաշվի առնի ինֆորմացիայի բնույթը, ինչ նպատակ էր հետապնդում լրագրողը, ինչ միջոցներ է օգտագործել, արդյոք լրագրողն իր սեփական քննությունն է կատարել, թե ոչ և արդյոք նշել է նաև պաշտոնական աղբյուրները, թե ոչ:

«Եթե լրագրողները ձեռքի տակ ունեն ինֆորմացիա, որը չի համընկնում պաշտոնական տեսակետին, պարտավոր են դա հրապարակել, որովհետև դա բխում է հանրային շահից: Եվ դրա համար չի կարելի պատասխանատվության ենթարկել»,- նշեց Արա Ղազարյանը:

Նրա կարծիքով այստեղ բախվում ենք նաև մեկ այլ իրականության: Որոշումը հղում է կատարում զանգվածային լրատվամիջոց հասկացությանը, բայց շատերը, այդ թվում բլոգերներ, լրագրող և ԶԼՄ չեն համարվում, բայց սոցիալական ցանցերում, ըստ էության, իրականացնում են լրատվական գործունեություն. «Օրինակ բլոգերները, որ իրենք ԶԼՄ չեն համարվում օրենքի ձևական իմաստով, բայց պարբերաբար լրատվություն են հաղորդում: Պարբերաբար լրատվություն են հաղորդում, նրանք ընկնո՞ւմ են այս պատասխանատվության տակ, թե ոչ: Այդ հարցը մեր օրենսդրության մեջ դեռ բաց է մնում»,- հավելեց Արա Ղազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում