Սուլեյմանիի սպանության համար Վաշինգտոնին տրված պատասխանը դեռևս չի ավարտվել. Իրան

Սուլեյմանիի սպանության համար Վաշինգտոնին տրված պատասխանը դեռևս չի ավարտվել. Իրան

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, Tert.amԻրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը Վաշինգտոնին պատասխանել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար, սակայն այդ ամենով պատասխանը դեռևս ավարտված չէ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Իրանի նախագահի խոսքերը հնչել են Իրաքում տեղակայված Թաջի ռազմակայանի հրթիռակոծման ֆոնին, որի հետևանքով մահացել և վիրավորվել է ԱՄՆ-ի մի քանի զինծառայող:

Վաշինգտոնում հրթիռակոծման պատասխանատվությունը դրել են իրանամետ շիական խմբավորումների վրա: Իրանը նշել է, որ իր նկատմամբ մեղադրանքներն անհիմն են:

«Ամերիկացիները սպանել են մեր փառավոր գեներալին, մենք դա անպատասխան չենք թողել և երբեք չենք թողնի»,- ասել է Իրանի նախագահը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն երբեք չի մոռանա Իրանի կողմից Իրաքում տեղակայված ռազմակայանի ուղղությամբ հասցված հրթիռային հարվածը, «քանի որ նրանք առաջին անգամ վճռորոշ և արագ հարված ստացան իրենց կատարած բարբարոսական սխալի համար»:

«Նրանք կարծում էին, որ կարող են կոտրել մեր ժողովրդի դիմադրությունը, քանի որ սպանել են այդ դիմադրության ղեկավարին, բայց ստացվեց հակառակը` դիմադրությունը էլ ավելի ամրացավ»,- ավելացրել է Ռոհանին:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին՝ Բաղդադում:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Օրեր անց Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում