«Փաստ»․ Նախատեսվում է ձևավորել ՔԿԱԳ նոր համակարգ

«Փաստ»․ Նախատեսվում է ձևավորել ՔԿԱԳ նոր համակարգ

«Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել «Քաղաքացիական կացության ակտերի մասին», ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։ Ըստ նախագծի՝ ձևավորվելու է քաղաքացիական կացության ակտերի գրանցման նոր համակարգ, որտեղ որոշում կայացնող աշխատակցի և դիմողի միջև շփումը հասցվելու է մինիմալ անհրաժեշտության, նվազեցնելով ցանկացած տեսակի կոռուպցիոն ռիսկ:

Նախատեսվում է նաև քաղաքացիների սպասարկման ոլորտն ապահովել բարձր որակավորման մասնագետներով, փոփոխություններ կատարելով հաստիքացուցակներում՝ նվազեցնելով դրանց թվաքանակը և բարձրացնելով աշխատավարձերը: Արդարադատության նախարարության համակարգում նախատեսվում է ստեղծել քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոններ (Front office), օժտված քաղաքացիների խորհրդատվության տրամադրման, դիմումների ընդունման գործառույթով, իսկ դիմումների ուսումնասիրությունն իրականացվելու է գործակալության կողմից (Back office):

Ի՞նչ պատկեր ունենք ներկայումս։ 2003 թվականի դեկտեմբերի 18-ին կառավարության կողմից ընդունվել է «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժինները համայնքների ենթակայությանը հանձնելու մասին» որոշումը, որը ուժի մեջ է մտել 2004 թվականի հունվարի 1-ից:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման արդյունքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ձևավորվել է սպասարկման որակի բարձրացման և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման ոչ արդյունավետ երկաստիճան համակարգ, որտեղ արդարադատության նախարարությանը փաստացի վերապահվել է համայնքային ենթակայությանը հանձնված ՔԿԱԳ տարածքային մարմինների նկատմամբ մեթոդական ղեկավարումը և նրանց գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողությունը, մինչդեռ կարգապահական կանոնների պահպանումը փոխանցվել է համայնքներին:

Այս տարիների ընթացքում ձևավորված համակարգի արդյունքում ՔԿԱԳ տարածքային մարմինների կողմից քաղաքացիների սպասարկման որակի նկատմամբ հասարակությունում ձևավորվել են ոչ դրական կարծրատիպեր, կարծում են գերատեսչությունում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում