Արսեն Թորոսյանի կողմից դատարանի որոշումը կատարելուց հրաժարվելը հակասահմանադրական գործողություն է. Լարիսա Ալավերդյան

Արսեն Թորոսյանի կողմից դատարանի որոշումը կատարելուց հրաժարվելը հակասահմանադրական գործողություն է. Լարիսա Ալավերդյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, Tert.am: Առողջապահության նախարարի կողմից դատարանի կայացրած որոշումը կատարելուց հրաժարվելը համարում եմ հակասահմանադրական գործողություն. սա այն ճանապարհը չէ, որ մեզ տանում է դեպի իրավական պետություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանն առ այն, թե համաձայն չէ դատական այն որոշմանը, համաձայն որի՝ պետք է ներողություն խնդրի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանից:

«Երբ իշխանությունները խոսում են լեգիտիմության մասին, միշտ հայտարարում են, որ ժողովուրդը տվել է վստահության քվե, բայց ամբողջովին մոռանում են, որ լեգիտիմության կարևորագույն տարրերից մեկն այն, որ իշխանություններն իրենք պահպանեն և ենթարկվեն բոլոր օրենքներին և դատական որոշումներին: Տվյալ դեպքում նախարարը ապալեգիտիմացնում է ինքն իրեն՝ որպես իշխանավոր, երբ հրաժարվում է կատարել դատարանի որոշումը»,-ասաց Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ ամեն անգամ, երբ այս կամ այն փորձագետը նշում է, որ իշխանության որևէ ներկայացուցչի կողմից արված գործողությունը կամ հայտարարությունը հակասում է Սահմանադրությանը կամ որևէ օրենքի, հնչում են արդարացումներ, թե հեղափոխություն է տեղի ունեցել, և իշխանությունները ղեկավարվում են հեղափոխական նպատակահարմարությամբ՝ հեռանալով իրավական պետության կայացումից:

«Եթե անգամ ղեկավարվենք լավագույն ցանկություններով, պետք է արձանագրենք, որ սա այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի իրավական պետության կայացումը, ընդհակառակը՝ այդպես շեղվելով ճանապարհից՝ նրանք բավականին կասկածելի մեթոդներով ուզում են համոզել, որ պետք է հասնեն արդար նպատակների: Տարբեր երկրների զարգացման փորձը ցույց է տվել, որ դա սխալ ճանապարհ է»,- ասաց իրավապաշտպանը՝ նշելով նաև, որ իշխանությունները կամ պետք է ամբողջովին հետևեն գործող Սահմանադրությանը, կամ հրաժարվեն իշխանությունից, քանի որ իշխանության եկել են հենց այս Սահմանադրությամբ:

Նա կարևորեց նաև, որ ցանկացած բացասական կամ սխալ բան, որն անում է իշխանությունը, հազարապատիկ անգամ ավել արտահայտվում է ժողովրդի շրջանում: «Այդպիսի քայլերը տանում են դեպի քաոս: Ես պարտքս եմ համարում հորդորել իշխանությանը՝ չգործել հակասահմանադրական և հակաօրինական, իսկ ժողովրդին կոչ եմ անում հետևել դրական օրինակներին և առաջնորդվել դրանցով», -ասաց ՀՀ առաջին ՄԻՊ-ը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանից:

Ըստ վճռի՝ պատասխանողներ Արսեն Թորոսյանն ու ՀՀ առողջապահության նախարարությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում ուղիղ եթերի միջոցով պետք է ներողություն խնդրեն Արա Մինասյանից՝ տեսանյութը վերնագրելով՝ «Ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում